
Գալուստ Սահակյանը դժգոհեց կառավարության գործելաոճից

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը սկսելուց առաջ դժգոհեց կառավարության գործելաոճից: Նա հայտարարեց, թե առաջին անգամ է, որ խորհրդարանում պետք է բյուջեի նախագիծ քննարկեն և, բացի հիմնական զեկուցողից, կառավարությունից որևէ մեկը ներկա չէ:
«Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, և կառավարությունն այստեղ չէ: Այսպիսի բան չի եղել, զարմանալի պատմություն է»,- ասաց Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Գալուստ Սահակյանին խորհուրդ տվեց հետաձգել բյուջեի նախագծի քննարկումը, ինչին նա այսպես պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում»:
Նա հայտարարեց, որ խորհրդարանը սկսում է քննարկել ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագիծը և ամբիոնի մոտ հրավիրեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Ֆինանսների նախարարը ներողություն խնդրեց պատգամավորներից՝ ընդգծելով, որ իր գործընկերներն արդեն ճանապարհին են և շուտով խորհրդարան կհասնեն: «Հավանաբար, տեխնիկական խնդիրներ են առաջացել: Խնդրում եմ սա չընդունել որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ: Իմ գործընկերներն անպայման ներկա կգտնվեն այս կարևոր փաստաթղթի քննարկմանը»,- ասաց Վարդան Արամյանը: