Որքա՞ն է Մխիթարյանի՝ Դորտմունդ վերադառնալու հավանականությունը
Մոտենում է ձմեռային տրանսֆերային պատուհանը, և արդեն երկրպագուներն ու լրագրողները շտապում են այլ ակումբներ ճանապարհել որոշ ֆուտբոլիստների:
Բազմիցս խոսվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ մանչեսթերյան ակումբի կազմում տեղ չգտնելու և ակումբում ունեցած խնդիրների մասին:
Մխիթարյանը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է ընդամենը 107 րոպե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին տված հարցազրույցում նշել էր, որ անելու է ամեն բան մարզչի վստահությունը վերականգնելու և հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն էլ, խոսելով Մխիթարյանի մասին, նշել է, որ պլաններ ունի հայ կիսապաշտպանի հետ:
Մխիթարյանի, Մոուրինիոյի, մարչական շտաբի մյուս անդամների և անգլիացի լրագրողների մեծամասնության վարկածով՝ փոքր է Մխիթարյանի տեղափոխության հավանականությունը: Անգլիական պարբերականները կարծիք են հայտնում, որ Մխիթարյանը դեռևս չի լքի մանչեսթերյան ակումբը, քանի որ, ոչ թե չի արդարացրել մարզչի սպասումները, այլ պարզապես չի ունեցել դա անելու հնարավորություն:
Մամուլն ակտիվորեն քննարկում է Մխիթարյանի՝ Դորտմունդ վերադառնալու հավանականությունը: Սակայն հաշվի առնելով դորտմունդյան ակումբի տնօրենի խոսքերը, տպավորություն է ստեղծվում, որ Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու հավանականությունը չնչին է:
«Այս տարբերակն անհնար է»,- առանց ավելորդ մեկնաբանությունների՝ Մխիթարյանի վերադարձի հետ կապված հարցին պատասխանել է Վատցկեն:
Սիրարփի Աղաբաբյան