
Մխիթարյանը՝ անտեսված ֆուտբոլիստների վեցյակում

Ամառային տրանսֆերային պատուհանից հետո մի շարք ֆուտբոլիստներ տեղափոխվեցին ավելի բարձրակարգ ակումբներ, բայց չկարողացան հարմարվել այնտեղ: Դրա հետևանքով այս ֆուտբոլիստները դադարեցին ցուցադրել այն ֆուտբոլը, որին երկրպագուները սովոր են: Այս ֆուտբոլիստներին է անդրադարձել հեղինակավոր whoscored.com պարբերականը:
Պարբերականն առանձնացրել է 6 ֆուտբոլիստների, ովքեր անտեսված էին այս մրցաշրջանում: Այս ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը, ով նախորդ մրցաշրջանում լավագույնն էր Բունդեսլիգայում, չի երևում մանչեսթերյան ակումբի կազմում: Մխիթարյանը խաղացել է ընդամենը 107 րոպե:
Պարբերականն անդրադարձել է նաև այն շշուկներին, ըստ որոնց՝ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդ:
Բացի Մխիթարյանից, անտեսված ֆուտբոլիստների ցանկում են ընդգրկվել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակը, «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Հատեմ Բեն Արֆան:
Սիրարփի Աղաբաբյան