Բաժիններ՝

ՊՆ-­ում կստեղծվի բոլորի համար բաց տեղեկատվական կենտրոն` մեկ հեռախոսահամարով

ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարության քաղաքացիական վերահսկողության կարևորագույն գործառույթը: Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ինքը` պաշտպանության նախարարը:

«Զինված ուժերում հրամանատարությունն ունի աչքը սովորած լինելու, խնդիրները զորամասի մակարդակում քննելու և լուծելու հակում: Դա շատ ճիշտ հակում է, որովհետև հրամանատարն է պատասխանատու յուրաքանչյուր զորամասի արդյունավետության համար, բայց երկար տարիներ այդ ճանապարհով գնալով` ցանկացած հրամանատար կարող է ձևավորել գայթակղություն չնկատելու այս կամ այն խնդիրը»,-­ կարծում է պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` ՊՆ-­ն շատ ուժեղ պետական կառույց է: Չկա պետական համակարգում մեկ այլ կառույց, որն ունենա տեղեկատվության հավաքագրման, աղյուսակավորման, վերլուծության այն կարողությունը, որն ունի ՊՆ­-ն: Դա և ռազմական կրթության և կանոնակարգային հարաբերությունների ու ավանդույթի արդյունք է: «Դա շատ լուրջ առավելություն է, քանի որ այն թույլ է տալիս խնդիրը հասկանալ բազմաշերտ և միանգամից:

Ցանկացած հարց, որ ես` որպես պաշտպանության նախարար, ունեցել եմ, ինձ համար րոպեների կամ ժամերի խնդիր է եղել հասկանալու, թե ինչպիսին է վիճակագրությունն այս կամ այն հարցում, ինչպիսի մուտքային տվյալներ մենք ունենք այս կամ այն խնդրում: Մենք շատ հեշտ կարող ենք տեսնել զորքերի այս կամ այն տեսակում խնդիրների հասունացման գործընթացը: Այդ տեսանկյունից ՊՆ-­ն ունի քաղաքացիական անձի խնդիրները զինվորական համակարգում ճիշտ գնահատելու հնարավորություն»,­ նշեց Վիգեն Սարգսյանը` միաժամանակ կարևորելով համագործակցությունը հասարակական այլ դերակատարների հետ, ինչպիսին է օրինակ ՄԻՊ գրասենյակը:

Նախարարը նաև շեշտեց, որ ժամանակին ՊՆ-­ում եղել է սպա, ով զբաղվել է մարդու իրավունքների հարցերով, հետագայում այն դարձել է կենտրոն: «Իմ առաջին հրամանը եղել է բարձրացնել այդ կենտրոնի կարգավիճակը, դրա տակ անձնակազմ ձևավորել և հնարավորություն ու գործիքակազմ տալ այդ գործառույթն արդյունավետ իրականացնելու համար»,­ ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով` առաջիկա շաբաթներին ներդրվելու է պաշտպանության նախարարության հստակ և ուժեղ հետադարձ կապի համակարգ: «Մի երկրում, որտեղ հասարակության հետ զինծառայողների հարաբերակցությունն այսքան մեծ է, ՊՆ-­ն պետք է ունենա մի հեռախոսի համար, որը հայտնի է բոլորին, որտեղ ցանկացած մեկը կարող է զանգել իրեն հուզող հարցով` սկսած ծնողից, ում զավակը ժամկետային զինծառայություն է անցնում մինչև սպան, ում իրավունքներն այս կամ այն պատճառով ոտնահարվել են, մինչև մատակարար, որից կաշառք են ուզել և այլն: Այդպիսի տեղեկատվական կենտրոն ունենալը բարդ է` հաշվի առնելով ռազմական տեղեկատվության սահմանափակվածության բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները: Սկսել ենք այդ աշխատանքը»,­ ընդգծեց նախարարը` վստահություն հայտնելով, որ եթե նույնիսկ ստեղծման առաջին պահին այդ կենտրոնը չբավարարի սպասումները, ապա ժամանակի ընթացքում այն դառնալու է այն կենտրոնը, որն ի վիճակի է լինելու պատասխանել բանակի հետ առնչվող հասարակությանը հուզող բոլոր հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս