Բաժիններ՝

Սիսիանցիների սիրած՝ Աղջկա արձանը «զգեստափոխվում է»

«Ինչպես սիսիանցիներն են ասում՝ Աղջկա արձանը, իրականում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար ընկած սիսիանցիների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը կառուցվել է 1960 թվականին, սակայն երբեք չի վերանորոգվել, չի մաքրվել մամուռի շերտից, կեղտից ու խոտերից,– ասում է Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Զիլֆուղարյանը ապա հավելում,-մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող այս հուշարձանի մաքրման, լվացման աշխատանքը վստահվել է ինձ, ինչը կատարում եմ սիրով, նաեւ՝ հպարտությամբ, որ հենց ինձ է վիճակվել նրան «նոր, մաքուր զգեստ հագցնելու» պատասխանատվությունը»:

Մեզ հետ զրույցում հուշարձանի մաքրման աշխատանքները վերահսկող Սիսիանի զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ կապիտան Սուրեն Հովասափյանն ասաց, որ նախաձեռնությունը զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանինն է, տեխնիկական աջակցությունը ցուցաբերել է Սիսիանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսությունը:

«ՀՀ ՊՆ եւ մշակույթի նախարարությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն բնակավայրերին մոտ տեղակայված զինվորական ստորաբաժանումներն իրականացնում են նաեւ զորամասին հարակից տարածքների պատմամշակութային եւ ճարտարապետական կոթողների սանիտարական մշակման, բարեկարգման եւ սպասարկան աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ իրականացնում ենք Աղջկա արձանի մաքրումը, լվացումը»,-ասաց Սիսիանի զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանն ու նշեց, որ նախատեսված է նաեւ 40 աղբյուր-հուշարձանի, հարակից այլ հուշարձանների, Սիսիանի տարածքում գտնվող զբոսայգիների եւ պուրակների մաքրման ու սանիտարական տեսքի բերման աշխատանքներ: «Սրանով ցանկանում ենք մենք էլ մեր փոքրիկ լուման ներդնել Սիսիանի՝ արդեն սկիզբ առած բարեփոխումներին»,-ասաց հրամանատարը, հավելելով, որ որեւէ ծրագիր, գաղափար իրականություն դարձնելու համար հարկավոր է նախ մեծ ցանկություն, կամք, իսկ արդյունքը երկար չի սպասեցնի:

«Որոտան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս