Պաշտպանության նախարարը ծրագրում է այցելել Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող նախկին զինծառայողին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց նախկինում ժամկետային զինծառայող, առաջին կարգի հաշմանդամ, Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի հարցը։
Նա պատմեց, որ 2015 թվականին նրան դատապարտել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, այն պարագայում, որ նա բանակում ձեռք է բերել առաջին կարգի հաշմանդամություն։ Քանի որ նրան բուժում չեն ցուցաբերել, անձը դիմել է ծայրահեղ միջոցի՝ ասելով, որ Բաղրամյան 26-ի տակ ռումբ է տեղադրված, ինչի հետևանքով նրան ազատազրկման են դատապարտել։ Ըստ Զ. Փոստանջյանի՝ դատապարտյալի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և չի կարողանում իր որդուն սնունդ ուղարկել.
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ այդ ահազանգումը դատապարտյալի կողմից պարբերական բնույթ է կրել, նա մի քանի անգամ է հայտարարել ռումբի տեղադրման մասին։ Նախարարը նաև ասաց, որ նախկին նախարարը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է նախկինում՝ այդ տղայի բուժումն իրականացնելու համար։ «Ես նախատեսում եմ այցելել նրան՝ տեղում հասկանալու խնդրի էությունը, կարծում եմ, որ որևէ մեկը չի հետապնդում նպատակ նրան անազատության մեջ պահելու»։
«Ճիշտ եք ասում, որ մի քանի անգամ է զանգել ու տարբեր պետական կառույցների վերաբերյալ ահազանգել է, վերջինը եղել է Բաղրամյան 26-ը։ Դրանից հետո որոշել են քրեական հետապնդում իրականացնել։ Բայց այս դահլիճում անգամ մարդիկ կան, որոնք ուղղակի ֆիզիկական բռնության կոչեր են անում տարբեր առիթներով, և փաստացի այդ մարդկանց ոչ ոք չի հրավիրում, հարցաքննում, քրեական հետապնդում չեն իրականացնում, մինչդեռ նրանք ավելի վտանգավոր են, քան առաջին կարգի հաշմանդամը»,- արձագանքեց Զ. Փոստանջյանը։