Բաժիններ՝

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կրվելիք վնասը երբևէ չի կարող համարվել ՀՀ պետական պարտք»

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն Ազգային ժողովում փարատեց պատգամավոր Արամ Մանուկյանի մտահոգությունը, թե գազի սակագինը սպառողների համար նվազեցնելու հիմնավորումները, որ ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն, չեն աշխատելու: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, Աշոտ Մանուկյանը նախ անդրադարձավ պատգամավորի դիտարկմանը, թե չի հավատում, որ գազի սակագինը նվազեցնելու արդյունքում ավելանալու է գազ սպառողների քանակը:

«Գազպրոմ Արմենիան»-ն ներկայացրած հիմնավորման մեջ առաջ է բերել երկու ուղղություն՝ գազասպառողների եւ սպառվող գազի ծավալի վերաբերյալ: Ըստ ընկերության մասնագետների՝ այնքան էական չի ավելանա գազասպառողների քանակը, որքան գազի սպառման ծավալները»,- ասաց նախարարը:

Նա չհամաձայնեց նաև պատգամավորի կարծիքի հետ, թե Վրաստանից ռուսական գազի տարանցման սակագինը ևս չի նվազելու:

«Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով գազի տարանցման սակագնին, դուք պնդում եք, որ այն չի նվազեցվի: Բոլորիս հայտնի է, որ նման սակագին այսօր չի գործում, քանի որ խոսքը վերաբերում է «Գազպրոմ» ընկերության ու Վրաստանի կառավարության միջեւ գազի տարանցման համաձայնագրին, որի գործողության ժամկետն ավարտվում է 2016թ.  դեկտեմբերի 31-ին: Հետեւաբար, ասել, որ սակագինը չի նվազի, տեղին չէ, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչպիսի սակագի ն կլինի հետո: «Գազպրոմ Արմենիա»-ի  փորձագետները հաշվարկների մեջ ներառել են նաեւ այդ սակագնի կանխատեսումը»,- նկատեց նախարարը:

Նաև հավելեց, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով փակ բաժնետիրական ընկերությունների կրած վնասը չի կարող համարվել պետական պարտք: Այնպես որ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կրվելիք, եթե այդպիսին լինի, վնասը երբեւէ չի կարող համարվել ՀՀ պետական պարտք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս