EuFoA տնօրենը դատապարտել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի հարձակումները
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակի և հրադադարի պահպանման ռեժիմի շարունակական խախտումների առնչությամբ: Պինտոն դատապարտել է հրադադարի պահպանման ռեժիմի կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից:
«Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի արկակոծումը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից փխրուն իրադրության ամենածանր սրումն էր ապրիլյան քառօրյա պատերազմից և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում կայացված համաձայնություններից հետո»,- նշել է Պինտոն:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանին շատ մոտ 60 հազար զինվորի ներգրավվածությամբ Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները:
«Մենք հորդորում ենք Եվրամիությանը և դրա անդամ պետություններին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ևս մեկ հարձակում, ինչը հետագայում ավելի կբարդացնի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և թանկ կարժենա երկու կողմերի համար էլ մարդկային կյանքի և ենթակառուցվածքների տեսակետից»,- ասվում է հայտարարության մեջ: