«Դա ելք չի, դա պատասխանատվության լղոզում է». Նաիրա Զոհրաբյանը` Արթուր Բաղդասարյանի առաջարկի մասին

«Մենք հասկանում ենք, որ ավագանին պետք է աշխատի, ուստի ես նախօրեին էլ կոչով, հորդորով դիմեցի 4 այն անձանց, որոնք «տղամարդկություն» են ունեցել և թաքուն, գողեգող գնացել, քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին: Այս պահին ինձ համար կարևոր չէ, թե նրանք ո՞ր կուսակցությունից են եղել` «Բարգավաճի՞ց», «Լուսավոր Հայաստանի՞ց», թե՞ «Օրինաց Երկրից»: Եթե էդքան տղամարդկություն ունեցել եք, թաքուն, գողեգող գնացել քվեարկել եք, ուրեմն ունեցեք էդքան տղամարդկություն` կանգնել-ասելու, որ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, որից հետո ավագանին նոր կսկսի աշխատել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Վանաձորում ստեղծված իրավիճակը և ավագանու բոյկոտը:

Ըստ նրա` այլ տարբերակ, մինչև այդ 4-ը չբացահայտվեն, որպեսզի պատասխանատվությունը չլղոզվի, չկա: Նա հայտարարեց, որ մինչև դրանք չբացահայտվեն, Վանաձորի ավագանին չի աշխատելու: Ն.Զոհրաբյանի խոսքով` դա ԲՀԿ-ի միանշանակ դիրքորոշումն է, և իրենք մտավախություն չունեն, որ այդ չորսը ԲՀԿ-ից են: Հակառակ դեպքում, Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ դա կլինի ԲՀԿ խնդիրը:

Ն.Զոհրաբյանի կարծիքով` ցանկացած ելք քննարկելի է, բայց Արթուր Բաղդասարյանի առաջարկը` Վանաձորում հարցում անցկացնելու և կոալիցիա ստեղծելու մասին, ելք չի, դա պատասխանատվության լղոզում է. «Մինչև այդ 4-ի բացահայտումը կոալիցիա կազմել՝ նշանակում է՝ մենք այդպես էլ չենք իմանա` ովքե՞ր էին այդ 4-ը: Եվ կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ կմնա այդ խարանը` կարող է «Բարգավաճի՞ց» էին, կարող է «Լուսավոր Հայաստանի՞ց» էին, կարող է «Հայկական Վերածնունդի՞ց» էին: Մի’ պարալիզացրեք ավագանու աշխատանքը: Թաքուն քվեարկելը տղամարդկություն չի»:

«Վանաձորում այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չբացահայտվեն այդ գաղտնի քվեարկողները: Իհարկե, պետք է քաղաքապետը հրաժարական տա: Ինձ համար արտառոց է, որ քաղաքապետին հարցնում են, թե ինչքան պետք է շարունակվի այս իրավիճակը, ասում է` ինչքան դիմանա Վանաձորը: Այսինքն` թող Վանաձորը հրաժարական տա, ես հրաժարական չեմ տալու, էլի»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս