«Պարտիզան» Էդուարդ Միրզոյանը

aparaj.am. Դաշնակցության զինանշանով բաճկոն հագած մարդու նկարը շատերը հանդիպած կլինեն սոցիալական ցանցերում: Ղարաբաղի Այգեստան համայնք մտնողներն էլ հավանաբար նկատած կլինեն գյուղի գլխին ծածանվող՝ Դաշնակցության կարմիր դրոշը: Սական քչերը գիտեն զինանշանով բաճկոն կրող եւ դրոշի «տեր»՝ այգեստանցի Էդուարդ Ավագիմյանի, նույն՝ «Պարտիզան» մականունը վաստակած մարդու պատմությունը:
dsc_0570-768x516Այգեստանի, Ուկրաինայի եւ Տունդրայի խաչմերուկում…

1951 թ. ծնված Էդուարդ Միրզոյանը Ղրղզստանում ծառայությունն ավարտելուն պես վերադառնում է հայրենի գյուղ՝ Այգեստան: Սակայն, կարճ ժամանակ անց ստիպված է լինում արտագնա աշխատանքի մեկնել Միջին Ասիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա: Պատրաստվում էր ուղեւորվել Տունդրա, երբ թերթերից մեկում կարդաց Ղարաբաղյան պատերազմի սկսվելու լուրը: Մտածելու կարիք չկար: Մի քանի օր անց Ղարաբաղում էր:

«Դա իմ պատերազմն էր: Տունդրան հեչ: Մեր երկիրն էլ մյուս երկրների նման ազատ պիտի լինի: Այս հողի վրա միշտ մայրենի լեզվով պետք է խոսեն»,- շեշտում է Էդուարդ Ավագիմյանը:

Պատերազմն ու «Պարտիզան» -ը

1988-ից Ղարաբաղում էր, 1990-ականերից՝ Դաշնակցություն կուսակցության շարքերում: Զբաղվել է հետախուզությամբ եւ զենք մատակարարելով: Ասում է՝ չեմ կռվել, սակայն ինչ հանձնարարում էին, անում էի: Կուսակցության զենքերի պատասխանատվությունը նույնպես իր «ուսերին էր»:

????????????????????????????????????
«Զենքերի պահեստն իմ տան նկուղն էր: Երկու ամիս շարունակ հսկել եմ: Հիշում եմ՝ մարտ ամիսն էր, ձյունը չէր հասցրել հալել, սակայն հոգնածությունը կախվել էր կոպերիս: Գիշերները շորերս հանում ու սառը ավտոմատը դնում էի ոտքերիս, որ աչքս չկպներ,- պատմում է Էդուարդ Ավագիմյանը եւ ձեռքերը տաքացնում շնչով: Իրականում, սակայն, փոքրիկ սենյակի ջերմությունն անտանելի էր անգամ բաց դռան պարագայում: – Ադրբեջանցիներն անգամ չունին այդ զենքերից: Ամեն տեսակի զենք կար. 98 հոգու կարելի էր զինել: Ո՞նց կարող էի քնել»:

Զենքերից զատ՝ հսկում էր նաեւ տան շեմից ծայր առնող անտառը: Ապրիլյան պատերազմի ժամանակ նույնպես իր ներդրումն է ունեցել: Մինչ օրս անտառներից փայտ է ուղարկում առաջնագծի զինվորների համար, որ չմրսեն:

Ծածանվող դրոշը, 3.5-4 մետրանոց սենյակն ու տան մեծ ու փոքր «բնակիչները»

Այգեստանի քարքարոտ ճանապարհը տանում է գյուղի ամենավերեւի տունը: «Պարտիզան» -ի տունը գտնելը դժվար չէ: Անգամ հարցնելու կարիք չկա: Հեռվում ծածանվող կարմիր դրոշն ուղենիշ է: Կուսակցական ընկերներն ասում են, որ նա միակ դաշնակցականն է, ում տան գլխին Դաշնակցության դրոշ է ծածանվում: Էդուարդ պապիկը ափսոսանքով է նշում, որ համապատասխան մարմինները չեն թույլատրում Արցախի պետական դրոշը բարձրացնել տան գլխին: Ուզում է երկու դրոշներն իրար կողքի տեսնել:

Տան բակ հասնելուն պես ճամփորդին դիմավորում են Էդուարդ պապիկի 5 շները: Տունն առջեւից երկհարկանի է, հետեւից՝ միհարկանի: «Տանիքը» դրսից ռուսատառ «М»-ի նման է, սակայն առանց տանիքի: Չնչին աշխատավարձով 5 տարի առաջ կարողացել է քիչ թե շատ թիթեղով ծածկել տան միայն մեկ սենյակի առաստաղը:

Տուն մտնելուց հյուրընկալության պարտականություն են անում նույն թվաքանակով կատուներն ու ձագերը: Առաստաղից կախված էլեկտրական լամպը գրեթե չի լուսավորում 3.5-4 մետրանոց սենյակը: Օգնության է հասնում փայտե վառարանի մաշված պատերից թափանցող տաքուկ լույսը: Տարիների ընթացքում վառարանի ծուխը սեւ գույնով ներկել է տան պատերը: Տեղ-տեղ պատերին կանաչավուն երանգ են տվել պատերին աճած խոտերը:

dsc_0545-768x1144

dsc_0540-768x1144

dsc_0465-768x1144

1990-ականներին տունը վերանորոգելու հնարավորություն ուներ, սակայն, առաջնայինը դա չէր համարում. «Ինձ հարց էի տալիս՝ տուն կառուցե՞լն է կարեւոր գործ, թե՞ բանակ ստեղծելը: Եթե բանակ ստեղծենք, պետություն ստեղծենք, մի՞թե պետությունն ինձ համար տուն չի կառուցի»,- մտածում էր Էդուարդ պապիկը, ու այդպես էլ մինչ օրս մնացել է առանց տանիքի…

Սակայն տան առավելություններն, ըստ նրա, գերակշռում են. «Սա ամենագեղեցիկ տունն է: Բոլոր հարմարությունները կան: Այստեղով անցնում է ջրագիծը: Տունը վերանորոգելուց՝ կոյուղու խնդիր չի լինի: Ձորը մոտ է,- ասում է Էդուարդ Ավագիմյանը եւ շարունակում թվարկել տան աշխարհագրական դիրքի առավելությունները,- ամեն առավոտյան մարզանք անելով իջնում եմ գետը՝ լվացվելու: Մաքուր օդ եմ շնչում եւ հաճույք ստանում՝ նայելով այս անտառներին»:

«Այս պայմաններում ապրեմ, բայց լինի ազատ, անկախ, միացյալ Հայաստան»,- ավելացնում է Էդուարդ Ավագիմյանը:

Առաջին սերն ու 8-րդ կինը

Տան փոքրիկ հյուրասենյակ մտնելուն պես՝ աչքի է ընկնում պատերից մեկին ռուսերեն գրված «Сусанна» անունը:

dsc_0533-768x516

-Ո՞վ է գրել այս անունը,- հարցնում եմ Էդուարդ պապիկին:

-Ես եմ գրել,- ասում է եւ իջեցնում պատից կախված հայելին: Նույն ձեռագրով «Maя дорогая!» բառակապակցությունն է գրված: Ժպտում է,- տառասխալով եմ գրել, o-ի փոխարեն a-եմ գրել:

-Ո՞վ է Սուսաննան:

– Առաջին սերս ու 8-րդ կինս,- հպարտությամբ ասում է նա:

dsc_0492-768x516

Սուսաննա Պետրոսյանը Գյումրիում էր ապրում: Ամռանն այցելում էր Այգեստանում ապրող տատիկին ու պապիկին: Առաջին անգամ պատանի տարիքում է հանդիպել Էդուարդին: Սակայն, ինչպես ինքն է ասում, առաջին հայացքից սիրահարվելն ուրիշ է: Տարբերվող է նաեւ նրանց սիրո պատմությունը:

dsc_0509-768x1144

Մոր մահից հետո Սուսաննան ընդունվում է Գորիսի համալսարան, սակայն, ուսումը դեռ չավարտած, նրան փախցնում են: Հետագայում ամուսինը թողնում եւ մեկնում է Ռուսաստան, իսկ ինքը երեխաներին մեծացնելուց, ամուսնացնելուց հետո վերադառնում է Այգեստան:

Ինչ վերաբերում է «Պարտիզան» -ին, ապա նա, երկար տարիներ թափառելով Ռուսաստաններում, հասցնում է յոթ անգամ ամուսնանալ: Բոլոր ամուսնություններն էլ անհաջող էին: Միայնակ կյանքին հարմարվելու պատրաստակամությունն էր ստանձնել, երբ մի օր անտառում Սուսաննայի հորեղբայրը բարեւի փոխարեն նրան դիմավորեց «Սիրածդ եկալա» նախադասությամբ…

13 տարի է՝ ինչ Էդուարդն ու Սուսաննան միասին են ապրում:

dsc_0615-1-768x516

Կոչումը՝ անտառապահ

Էդուարդ Միրզոյանի տունն աշխատատեղից բաժանում է ձգվող ձորը: Ձորն անցնում է եւ արդեն աշխատանքի է: Հեկտարներով ձգվող անտառները Արցախյան պատերազմի ժամանակ հսկում էր ադրբեջանցիներից: Այսօր էլ ասում է՝ «Ես գիդումում հուր անայում պաշտպանում էս վեղերը: Ափսոս չի՞ էս վեղերը յանի…»:

dsc_0561-768x516

Չնայած թոշակի է անցել, սակայն արժանի փոխարինող չունեցավ:

«Իմ կյանքն ավելի շատ անց եմ կացրել անտառներում, քան տանը: Թե կռվի տարիներին, թե խաղաղության՝ ես անտառում էի, այդ պատճառով ինձ «Պարտիզան» են ասում: Դե ես էլ աշխատում եմ իմ մականունին արժանի լինեմ եւ ամեն օր հաստատում եմ դա»,- ասում է նա եւ հագնում 1991-ին լիբանանահայերի նվիրած՝ Դաշնակցության զինանշանով հայտնի բաճկոնը:

«Ա, մեհենգվա զամոկնեն եսքան գործ կանի՞ն, տես հինչ զամոկնեյա է»,- ասում է նա, այնուհետեւ հագնում սենյակի անկյունում դրված կոկիկ զնվորական կոշիկները, որոնք սկսել է կրել բաճկոնն ստանալու տարուց: «Քաղաք քինալուց, վեր վննամանում կենում, կարում չում շոռ կյամ. գիդումում թա վերում ընգըլան»,- ասում է նա եւ ճանապարհվում: Գործից ուշանալ չի կարելի: Անտառը սպասում է իր «Պարտիզան» -ին…

Հ.Գ. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն պատրաստվում է մեկ տարվա ընթացքում վերանորոգել կուսակցական ընկերոջ տունը: Իսկ Էդուարդ Միրզոյանի էլ խոստանում է տունը վերանորոգելուն պես իր բակում հյուրասիրություն կազմակերպել: Ինչպես ինքն է ասում՝ մեր մամուլեն ժողովուրդին էլա ըսլան…:

Լուսինե Թեւոսյան

aparaj.am

Տեսանյութեր

Լրահոս