«Շան գլուխը լրիվ այլ հարթությունում է թաղված». Գուրգեն Եղիազարյան

«Շան գլուխը լրիվ այլ հարթությունում է թաղված. ոչ մի կապ չունի 1000 դրամը, ոչ մի կապ չունի այդ երեխաներին օգնելը, թոշակներ նշանակելը, դա հեքիաթի բացահայտ մասն է, իսկ խորքում լրիվ այլ պատմություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը՝ մանրամասնելով, թե ինչ է թաքնված խորքում:

«ՀՀԿ-ն այս 10 տարիների ընթացքում ապացուցել է՝ ինչ խոստացել է, ոչինչ չի արել: Հսկայական անջրպետ է ստեղծվել 40 ընտանիքների, ՀՀԿ-ի և ժողովրդի միջև: Գնում ենք դեպի ընտրություններ, և այդ անջրպետը հաղթահարելու համար գցել են այդ լոզունգը՝ մեկ պետություն, մեկ ազգ, մեկ բանակ: Եվ դրա լավագույն միջոցն այդ 1000 դրամներն են: Կարելի է ասել՝ 1000 դրամանոց լոզունգ է»,- պարզաբանեց նա:

Գուրգեն Եղիազարյանը նկատեց՝ 1000 դրամն այդքան էլ մեծ գումար չէ Հայաստանի պայմաններում, բայց մարդիկ ընդվզում են, քանի որ վստահություն չունեն, թե ուր են գնալու այդ գումարները. «Մարդիկ խոսում են վերջին տասը տարվա ընթացքում մսխված տասը միլիարդ դոլարի մասին, որը բացահայտելու համար իշխանությունը ոչ մի քայլ չի արել, քանի որ, եթե անեին, իրենց մարդիկ պիտի բռնեին, ինչը չի եղել: Ո՞ւմ վստահեն մարդիկ. նրան, ով բանակի համար ձուն 37 դրամով գնելու փոխարեն՝ գնում է 50 դրամո՞վ, թե՞ վստահեն պաշտպանության նախարարին, որը բանակում չի ծառայել»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտպանության նախարարն իրավունք չունի՝ լինել գովազդ բանակում չծառայելու մասին:

Ըստ նրա՝ Վ. Բադասյանի հայտարարություններին ոչ մեկը «բանի տեղ» չի դնում, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի եղբայրը շարունակում է իր գործունեությունը, հետևաբար՝ ո՞ւմ վստահեն մարդիկ. «Նմանատիպ մարդկա՞նց վստահեն: Երբ ժողովրդին կվերադարձնեք այդ միլիարդավոր դոլարները, կնստենք՝ կխոսենք ազգ-բանակից, իսկ ազգ-բանակը չի կերտվում 1000 դրամով, այլ ուրիշ հարթությունում, երբ մենք միասնական ենք ոսոխի դեմ ու չունենք 40 ընտանիք, որը պետք է ամեն ինչի տերը լինի, և մեծամասնություն, որն աղքատության մեջ է»:

Հետևաբար, նրա խոսքով՝ բանակի անվան տակ ցանկանում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս