«Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, ֆեյսբուքյան մի խումբ անձանց մասին իմ արտահայտությունը չի վերաբերում ժողովրդին». Գագիկ Մելիքյան
«Այն արտահայտությունները, որ վերագրվում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված երբևէ չեմ արել, չեմ մտածել և երբևէ չեմ անելու: Նույնիսկ նման մտածողությունն ինձ համար անընդունելի է: Ես հանրության կամ ժողովրդի հետ կապված նման արտահայտություն չեմ արել: Ֆեյսբուքյան մի խումբ անձանց մասին իմ արտահայտությունը չի վերաբերում ժողովրդին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով yerkir.am-ին տված հարցազրույցում իր խոսքը, որ «ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»:
Ըստ նրա` Ֆեյսբուքում իրոք 1000 դրամների մասին նախագծի հետ կապված «ապազգային, հակապետական, հակազգային, հակահայկական, Արցախի և երկրի անվտանգությանը դեմ» հայտարարություններ արվել են, և իր արտահայտությունը վերաբերել է նան արտահայտություններ անողներին. «Խնդրում եմ դա երբևէ չկապել հանրության կամ ժողովրդի հետ: Նրանք հանրության մաս են, բայց հանրություն չեն: Եթե հանրության մեջ նման ընկալում է ձևավորվել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել, սակայն իմ խոսքը ժողովրդին կամ հանրությանը չի վերաբերել»:
Հիշեցնենք, որ Գագիկ Մելիքյանը տականք էր անվանել բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում դեմ են հանդես եկել կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել նոր ստեղծվելիք հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները: Այդ համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից:
Գ.Մելիքյանի կարծիքով` միտում կա իր խոսքի և հարցազրույցի վերնագրի միջև առկա տարընթերցման կապակցությամբ: Լրագրողի հակադարձմանը, որ ձայնագրությունը կա, Մելիքյանը պահանջեց այն միացնել:
Պատգամավորը հավաստիացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության հանդեպ վստահություն կա, անգամ Վանաձորում տեղի ունեցած վերջին քվեարկությունն է դա ցույց տվել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ անդամ Արմեն Պապյանին, ով Մելիքյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որում հավատի այլևս իսպառ բացակայության պատճառով ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին էր հայտարարել, Գ.Մելիքյանը պնդեց, որ Պապյանին չի ճանաչում, անգամ փորձում են գտնել` նա կուսակցության անդա՞մ է, թե՞ ոչ, բայց դեռ չեն հայտնաբերել: