
«Ներողություն եմ խնդրում «փողոցում հայտնված» մարդկանցից, որոնց հանդեպ մենք պարտադրված ենք եղել այդ քայլն անել». Վարդան Արամյան

Տարբեր գերատեսչությունների կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) կրճատման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ ցավոտ, բայց անհրաժեշտ է համարում:
«Մարդ կրճատելը շատ բարդ բան է, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ այդ մարդիկ ընտանիք ունեն»,- նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վարդան Արամյանը` նկատի ունենալով ՊՈԱԿ-ների լուծարման հետևանքով աշխատողների կրճատումը: Նախարարի խոսքով` դա շատ ցավոտ գործընթաց է, սակայն պետք է մոտենալ «երկու երնեկ մեկտեղ չի լինում» տեսանկյունից:
«Հնարավոր չէ, որ մենք ունենանք արդյունավետ ծախսային քաղաքականություն և տնտեսություն առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք՝ ինչն է մեզ համար կարևոր: Կարևորը նա է, որ հարկերից վերցված փողը ծախսվի արդյունավետ: Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ՀՀ ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ: Այդ գումարը պետք է արդյունավետ ծախսվի, տնտեսական աճ պետք է գրանցել: Եթե այդ գումարը կարելի է տնտեսել, ուրեմն դա պետք է անել: Եթե ես կարող եմ առանց ձախողելու արդյունքային ցուցանիշներ գրանցել, բայց գնալ մարդկանց կրճատելու ճանապարհով, ես կգնամ այդ քայլերին»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
Վարդան Արամյանը նաև հավելեց, որ ինքը խոսել է ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ և իր համար շատ դժվար է եղել այդ մարդկանց աչքերի մեջ նայել հետո գալ որոշում կայացնել: «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն «փողոցում հայտնված» մարդկանցից, որոնց հանդեպ մենք պարտադրված ենք եղել այդ քայլն անել»,-նշեց նախարարը, բայց խնդրեց ըմբռնումով մոտենալ, քանի որ որևէ անձնական բան չկա` պարզապես ուզում են կարգավորել ֆինանսները:
Նախարարը տեղեկացրեց, որ գործողությունների արդյունքում կարելի է տնտեսել շուրջ 150-200 մլն դրամ, և շուրջ 50 հոգի կարող են կրճատվել: