Բուլղարիայում և Մոլդովայում այսօր նախագահական ընտրություններ են
Բուլղարիայում նոյեմբերի 13-ին տեղի է ունենում երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 7.00-ին և կփակվեն ժ. 21.00-ին:
Քվեաթերթիկներում ներառված է երկու թեկնածուի անուն՝ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը և Բուլղարիայի ներկայիս խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևան, որին աջակցում է իշխող «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունն ու կոալիցիայի գործընկերները:
Միաժամանակ, երկրում ընթանում է փոխնախագահի ընտրություն:
Երկրում բացվել է ավելի քան 12 հազար ընտրատեղամաս, քվեարկելու իրավունք ունի ավելի քան 6.8 մլն մարդ:
Երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր նոյեմբերի 6-ին:
Այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում նաև Մոլդովայում: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժ. 7.00-ին և կփակվեն ժ. 21.00-ին:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է Սոցիալիստների կուսակցությունից ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնն ու աջ եվրոպամետ կուսակցությունների թեկնածու Մայա Սանդուն:
Առաջին փուլում նրանք 9 թեկնածուների թվում հավաքել էին ամենաշատ ձայները՝ Դոդոնը՝ 47.98%, Սանդուն՝ 38.71%:
Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը հավաքել է առավել շատ ձայներ:
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 30-ին: