Վահան Շիրխանյանի չկայացած ասուլիսը

«Հանցավոր խմբի» գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ այսօր տեղի չունեցավ։

Լրագրողների հետ հանդիպումն այսօր նախատեսված էր ժամը 14։00-ին ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում է Վահան Շիրխանյանը։ Լրագրողներով նախ ստիպված եղանք առանձին-առանձին  դիմում գրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վ. Պապոյանին։ Վերջինս քննարկելով՝ որոշում կայացրեց Վահան Շիրխանյանին ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեսակցությունը մերժելու մասին։

Որոշման մեջ ՔԿՀ պետը մասնավորապես նշել է, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 07.11.2016թ. և 09.11.2016թ. դիմումներով խնդրել է նոյեմբերի 10-ին թույլատրել ՔԿՀ-ում տեսակցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և մամուլի ասուլիսի միջոցով նրանց տեղեկատվություն տրամադրել։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումները ՔԿՀ պետը մերժել է՝ նշելով. «ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» 140-րդ կետով հստակ սահմանված է, որ կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս անձանց»։

Լրագրողների մի խումբ ևս մեկ անգամ դիմեց ՔԿՀ պետին, սակայն կրկին մերժում ստացավ։ Այս անգամ ՔԿՀ պետն իր որոշման մեջ գրել էր, թե 2016թ. նոյեմբեր ամսին Վահան Շիրխանյանին արդեն իսկ տրամադրվել է առնվազն երկու տեսակցություն, տեսակցությունները տրամադրվել են նրա մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ներկայումս թույլ չի տալիս նրան տրամադրելու ևս մեկ տեսակցություն։

Հավելենք, որ դեռևս հոկտեմբերի 26-ին Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը ՔԿՀ պետին միջնորդել էր որոշում կայացնել հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նրա համար նախընտրելի որևէ օր և ժամին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մուտքը քրեակատարողական հիմնարկ թույլատրելու և նրանց ու Վահան Շիրխանյանի տեսակցության մասին։ Փաստաբանը նշել էր, որ կալանքի տակ պահվող իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը ցանկանում է մամուլի ասուլիս տալ՝  իրեն առաջադրված մեղադրանքի, իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման պատճառների և նպատակների մասին։

Ի պատասխան` ՔԿՀ պետն նշել էր. «Կալանավորված անձանց տեսակցությունների տրամադրումը կարգավորվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 15-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ, ըստ որոնց՝ տեսակցությունների տրամադրման օրեր կամ ժամեր ՔԿՀ պետի կողմից չեն նշանայվում»։

Տեսանյութեր

Լրահոս