«ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները բավականին արդյունավետ և հետաքրքիր էին». Արմեն Գևորգյան

Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ընթացքում ներկայացված տնտեսական տարբեր ոլորտներ հետաքրքրություն են առաջացրել ապագա ներդրումների համար։ Այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Մասնավորապես այն ոլորտները, որոնց շեշտադրում կատարեց նախագահ Սերժ Սարգսյանը, հետաքրքրություն առաջացրին մեր գործընկերնե րի մոտ՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացումը։ Դա մասնավորապես վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, սննդի արդյունաբերությանը, որի համար սպառման մեծ շուկա է հանդիսանում հենց ԱՄԷ-ն»,- ասաց Ս.Կարայանը:

Նրա խոսքով` քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում Հայաստանի ներդրումային պոտենցիալը, հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքները:

Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը համոզված է, որ ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները բավականին արդյունավետ և հետաքրքիր էին։

«Ըստ էության, բարձր մակարդակով տեղեկություններ ներկայացվեցին Հայաստանի հնարավորությունների, զարգացման հեռանկարների և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ այս հանդիպումների արդյունքում մենք կունենանք բավականին հետաքրքիր և զարգացող աշխատանքային օրակարգ մեր գործ ընկերների հետ, որպեսզի կարողանանք այստեղ ներկայացնել ծրագրերը առաջիկայում, նաև նրանք այցելեն Հայաստան»,- ասաց Արմեն Գևորգյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահի և ԱՄԷ-ի քաղաքական ղեկավարության միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ. «Կան կոնկրետ ուղղություններ, ծրագրեր, որոնք առաջիկայում մանրակրկիտ կուսումնասիրվեն, որից հետո և՛ մեր հանրությունը ՀՀ-ում, և՛ մեր գործընկերները ԱՄԷ-ում կտեսնեն դրանց արդյունքները։ Հույս ունեմ, որ առաջիկայում մենք նոր ձևաչափ կընտրենք համատեղ աշխատանքի, որպեսզի ձեռք բերված այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:

Նա ամենակարևորը համարում է այն, որ նրանք պետք է փորձեն համատեղ գտնել այն լուծումները, որոնք այդ ներդրումային գրավչությունը և հետաքրքրությունը` Հայաստանում ծրագրեր իրականացնելու առումով, ավելի իրատեսական կդարձնեն և ավելի երկարատև մտադրությունների հնարավորություններ կստեղծեն:

Տեսանյութեր

Լրահոս