«Դոնալդ Թրամփի ընտրությունն ազդանշան է». Սուրեն Զոլյան

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը կարծում է՝ ամերիկահայ համայնքը չի մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններին, որովհետև «հիասթափված» է:

Նա նշեց, որ ինքն ուսումնասիրել է ԱՄՆ նախագահների հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում. «Բարաք Օբաման հստակ ասել է՝ «ԱՄՆ-ը կարիք ունի նման նախագահ ունենալ, որն ազնիվ խոսելու է ցեղասպանությունների մասին, և ես լինելու եմ այն նախագահը, որ նախևառաջ՝ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Դրանից ավելի հստակ խոստում  հնարավոր չէր տալ, և մենք տեսանք՝ ինչպես ինքը խուսանավեց այդ խոստումի իրականացումից, փոխարենը՝ խոսում էր Մեծ եղեռնի մասին, որն այլ նշանակություն ունի, այն միջազգայնորեն ճանաչված տերմին չէ: Բնական է՝ հայ համայնքը պետք է հիասթափված լիներ, ու արդեն ինչ խոստում էլ տար թեկնածուն, արդեն որևէ մեկին չէին հավատա»:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը  նախնական արդյունքներով դարձել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Դ. Թրամփն ապահովել է 276 ընտրիչների ձայները՝ պահանջվող 270-ի փոխարեն, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կստանա 218 ընտրիչների ձայները:

Ըստ Ս. Զոլյանի՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը լուրջ ձևով ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա. «Կարծում եմ՝ Թրամփի հիմնական խնդիրն է՝ կարգավորել կյանքն ԱՄՆ-ում և նոր խառնվել ուրիշների գործերին: Արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխության չի ենթարկվի, միգուցե Միացյալ Նահանգներ-Եվրոպա հարաբերությունների վրա ազդի, բայց Հայաստանը շատ աննշան տեղ է զբաղեցնում ընդհանուր քաղաքականության մեջ: Փոխկապակցված աշխարհում մենք դա կզգանք, բայց անմիջական հարաբերություններում՝ չեմ կարծում: Ինքը միայն խոսել է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Ինձ համար անհասկանալի ձևով՝ ինչպես Ռուսաստանում  բոլոր մեղքերի մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, այնպես էլ՝ ԱՄՆ-ում: Չեմ կարծում՝ այս առումով լուրջ փոփոխություն է լինելու»:

Կարդացեք նաև

Դոնալդ Թրամփի  ընտրությունը, ըստ Ս. Զոլյանի, ազդանշան է, որ ԱՄՆ-ում արդեն հոգնել են իրենց էլիտայից, ԱՄՆ-ի հասարակությունն ուզում է փոփոխություններ:

Տեսանյութեր

Լրահոս