Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 236 մլրդ 111 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն նվազել է 9,7 տոկոսով:
Հայաստանում առաջին ինն ամիսներին շինարարության ամենախոշոր ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել կազմակերպությունների միջոցները` շուրջ 112 մլրդ 65,1 մլն դրամ: Սակայն այս ցուցանիշը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11,6 տոկոսով: Զգալի նվազել են նաև մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունները` 45,9 տոկոսով:
Միևնույն ժամանակ 22,2 տոկոս ավելացել են համայնքների միջոցների, իսկ 21,3 տոկոսով` միջազգային վարկերի շնորհիվ ֆինանսավորվող շինարարությունները: