Բաժիններ՝

«Մտահոգված ենք ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի դղյակի ճակատագրով». բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Մեծարգո պարոն Վարչապետ

2018 թվականին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի մասին Հռչակագիրն ընդունվել է նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տանը: Մյուս տարի էլ լրանում է Արամյանցի ծննդյան 175-ամյակը: Հայտնի բարերարը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցել է դղյակ, որը, Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից  բացի, միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:

Խորհրդային Միության տարիներին այստեղ գործել է հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ռազմական հոսպիտալ, մանկական ճամբար: 2005 թվականին այն ընդամենը մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամով Տուրիզմի Հանրապետական Խորհրդից ձեռք է բերել ոչ անհայտ, մանկապղծության համար հետագայում դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը` պայմանով, որ այն առնվազն 15 տարի պետք է գործի՝ որպես տուրիստական հանգրվան: Սակայն անցած 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել, և այդ դղյակն այսօր գտնվում է փլուզման եզրին, ինչին անդրադարձել է «Հայլուր» լրատվական ծրագիրը  և «Հետք» էլեկտրոնային կայքը:

15033709_10208096969486218_718235317_n

15032543_10208096969526219_1118839558_n

14996288_10208096969566220_2021717592_n

2013 թվականին Ախթալայի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ջանքերի շնորհիվ՝ Արամյանցի դղյակն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից հիմնադրված «Լոզե» ՍՊԸ-ն, որին հետագայում փոխանցվել է դղյակի սեփականության իրավունքը, մեր տեղեկություններով՝  դղյակը գրավադրել է Հայաստանի բանկերից մեկում, և ՍՊԸ  տնօրեն Ս. Տեր-Պողոսյանի կին Մադլեն Թաշճյանը  լքել է ՀՀ տարածքը՝  2015 թ. հունվարից աշխատավարձ չվճարելով նաև ՍՊԸ աշխատողներին և ըստ էության ոչնչացման մատնելով այդ պատմաճարտարապետական հուշարձանը, այնինչ պատշաճ օգտագործման դեպքում այն ոչ միայն՝ կփրկվի, այլև՝ վերստին կծառայի որպես  առողջարան, նպաստելով տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը: Արամյանցի դղյակի շուրջ քանիցս Լոռու մարզպետը, Ախթալայի քաղաքապետն ահազանգել են ՀՀ Մշակույթի նախարարություն, իրավապահ մարմիններ, սակայն ամեն անգամ  հղում անելով սեփականության և բանկային գաղտնիքի մասին օրենսդրությանը, նրանք ձեռնպահ են մնացել խնդրին լուծում տալուց, անտեսելով այն հանգամանքը, որ քայլեր չձեռնարկելու դեպքում մյուս տարի գուցե ամբողջությամբ փլուզվի այդ եզակի կառույցը:

14970922_10208096969726224_1625535221_o 14962917_10208096969606221_1625695573_n

Խնդրի լուծման նպատակով խիստ մտահոգ է նաև  մեծ բարերարի լոնդոնաբնակ ծոռը` Ալեքսանդր Ջանոևը, ով 2012  և  2016 թթ. Ախթալայի քաղաքապետարանի և «Լոռվա ձոր» հ/կ հրավերով գտնվելով Հայաստանում, այցելելով դղյակի տարածք, իր պատրաստակամությունն է հայտնել իր և գործընկերների ջանքերը ևս մեկտեղելու` հուշարձանի վերականգնման նպատակով: Պատկան մարմիններն այդ պատասխանները ձևակերպելիս հաշվի չեն առել՝

1) որ Արամյանցի դղյակը պատմամշակութային հուշարձան է,

2) սեփականատերը չի կատարում իր պայմանագրային պարտականությունը, և այն չի շահագործվում՝ որպես տուրիստական հանգրվան:

Մեծարգո պարոն Վարչապետ

Դիմում ենք Ձեզ խնդրանքով, հաշվի առնելով հուշարձանի աղետալի վիճակը, հրատապ խորհրդակցություն հրավիրել պատկան մարմինների հետ, նաև օգտվելով ՀՀ Կառավարության իրավունքից՝ գերակա պետական շահ ճանաչելու մասին լուծում տալ այս թնջուկին:

Հայաստանի մի շարք մտավորականներ մտահոգված են դղյակի ճակատագրով և դիմում են ՀՀ վարչապետին և պատկան բոլոր կառույցներին, նամակին միացել են հետևյալ մտավորականները, ովքեր տարբեր ժամանակներում եղել են Արամյանցի դղյակում՝

ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոս (Հրանտ Թադևոսյան)
ՀՀ
Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադա
հայտնի
դիզայներ Նուռ
ՀՀ
վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյան,
ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյան
հայտնի
ճարտարապետ Աշոտ Արշակյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս