Առաջին տիկնոջ երազանքներից մեկը եղել է Հայաստանում ժամանակակից արյունաբանական կենտրոն ունենալը
Հայաստանում արյունաբանական ժամանանակից կենտրոնի կառուցմամբ իրականացել է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի երազանքներից մեկը: ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքում լրագրողների շրջայցի ընթացքում ՀՀ առաջին տիկինն ընդգծեց, որ վերջապես կատարվել է իր երազանքը, քանի որ կենտրոնի հին մասնաշենքում պայմանները բավարար չէին պատշաճ և որակյալ բուժում ապահովելու համար:
«Հիմա իմ ամենամեծ երազանքն այն է, որ որքան հնարավոր է քիչ հիվանդ լինի այս կենտրոնում: Ես բժիշկներին ասում եմ, որ աղոթում եմ, որ դուք բոլորդ առանց գործ մնաք: Երբ նրանք զարմացած ինձ են նայում, ես ասում եմ, որ ձեզ համար գործ կգտնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատակեց Առաջին տիկինը:
Ռիտա Սարգսյանը հավելեց, որ կենտրոնում հատուկ այնպիսի պայմաններ են ստեղծել, որ առաջին տպավորությունից այն նման չէ հիվանդանոցից: Առաջին տիկնոջ կարծիքով՝ բուժումը սկսվում է հենց այնտեղից, երբ մարդը չի զգում, որ ինքը հիվանդանոցում է: «Եթե լինի հնարավորություն, պետք է բոլոր հիվանդանոցներում այսպիսի պայմաններ լինեն, որովհետև բուժումը հենց այդտեղից է սկսվում»,- ասաց նա:
ՀՀ Առաջին տիկինը նաև կարծիք հայտնեց, որ այս տարի արյունաբանական կենտրոնի հիվանդների թիվը նվազելու է:
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և կենտրոնի տնօրոն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ կենտրոնում շրջայց են կատարել նաև լրագրողները: