ՊԵԿ-ը՝ սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու» մասին
Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին, ինչի առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային համակարգի բարեփոխումների շրջանակներում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից խիստ հանձնարարական է տրվել սահմանային անցման կետերում մաքսային ծառայողների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Մասնավորապես, մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ քաղաքացիները կարող են դիմել մաքսային ծառայողի անմիջական վերադասին: Ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ սահմանային բոլոր անցակետերում փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների կամ քաշքշուկների դեպքերում:
Պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է զանգվածային լրատվության միջոցների և հասարակության գործուն աջակցությունը մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ կոնկրետ փաստերը վերհանելու և հանգամանլի ուսումնասիրելու հարցում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին