«Հնարավոր է՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի որոշ հատվածներ վճարովի դառնան». Վահան Մարտիրոսյան
Այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվել է՝ արդյոք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բյուջեի կրճատումը կազդի՞ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների վրա: ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է. «Այո, կազդի Հյուսիս-Հարավի վրա, որովհետև դրա վրա ակնկալվող միջոցների նվազեցում է սպասվում»:
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի ցանկացել ասել, թե ում մեղավորությամբ են ավտոճանապարհի կառուցման ժամանակ չարաշահումներ եղել. «Գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ո՞ւմ կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»,- ասել է նա:
Լրագրողների ճշտող հարցին՝ նախկին նախարար Գագիկ Բեգլարյա՞նն է մեղավոր, Վ. Մարտիրոսյանը պատասխանել է.
«Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:
Անդրադառնալով Հյուսիս-Հարավի ֆինանսական միջոցների գնահատմանը, Վ. Մարտիրոսյանն ասել է, որ բոլոր կրճատումներն աջակից ֆինանսական կառույցների հետ քննարկվել են:
Ըստ նախարարի՝ ծրագրի իրականացումը վտանգի տակ չէ, մասնավոր ներդրողների հետ քննարկումները շարունակվում են, որպեսզի շատ հատվածներում վերջիններս աշխատեն: Ի դեպ, նախարարը չի բացառել, որ մասնավորին այդ ծրագրի մեջ ներգրավելով՝ հնարավոր է, որ Հյուսիս-Հարավի որոշ ճանապարհահատվածներ վճարովի դառնան:
«Կարող են լինել հատվածներ, որ դառնան վճարովի: Որտեղ որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածները լինեն վճարովի: Վճարովի դառնալու հարցը դեռևս քննարկման փուլում է»,- ասել է նախարարը:
Նա նաև հավելել է, որ այդ հատվածները հիմնական թունելային ու կամուրջային են լինելու:
Նշենք նաև, որ նախարարը չի կարողացել հստակ պատասխանել՝ արդյոք ծրագիրը մինչև 2020 թվականը ավարտին կհասցվի՞, թե՞ ոչ, ինչպես նախանշված է եղել ի սկզբանե: