«Դիզվառելիքի և բանանի շուկաներում նոր ներկրողներ կան». Վարդան Հարությունյան
«Մի ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, 25 տարի եղել եմ շատ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ: Լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները և այն խնդիրները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բաց լինի: Այնպես որ, քայլերը կանենք, կտեսնեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ պայքարելու է ստվերի դեմ. «Կպայքարեմ, կտեսնեք: Կա՛մ պիտի պայքարենք, կա՛մ չպայքարենք: Ես միտված եմ պայքարելու»:
Վ. Հարությունյանի խոսքով` վարչապետի հայտարարությունից հետո դիզվառելիքի և բանանի շուկաներում նոր ներկրողներ կան. «1-2 հոգին էլ արդեն ներկրող են: Հարկային-մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»:
Թե որքա՞ն ժամանակ է պետք ուսումնասիրելու և հայտարարելու համար, թե ովքե՞ր են ստվերում, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս, ես կարող եմ ասել այն, ինչ ես եմ անելու: Իհարկե, պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում հասկանալի ունենա, գույքագրի, հասկանա, ներկայացնի: Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ դրան պետք չի: Կարճ ժամանակ գույքագրելուց հետո պետք է պայքարել, որը և անելու եմ: Պայքարելու տարբեր ձևեր կան, միակ ձևը` պետք է պայքարել»:
Թե ո՞րն է ստվերի դեմ պայքարի երաշխիքը, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Իմ անձն է, եթե վստահում եք, վստահեք, պահանջեք»: Նա խնդրեց լրագրողների աջակցությունը կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար:
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հետ կապված նախկին ստուգումների արդյունքների մասին ՊԵԿ նախագահը խոստացավ պատասխանել ավելի ուշ` ծանոթանալուց հետո:
Ըստ Վ. Հարությունյանի` հսկիչ գին հասկացողություն գոյություն չունի, գոյություն ունի մաքսազերծման ձև, և, եթե կան համապատասխան փաստաթղթեր, դրանց հիման վրա կկատարվի մաքսազերծում, եթե չկան, նմանատիպ օրինակով է որոշվում:
«Բոլոր պրոբլեմներից տեղյակ եմ, ժամանակ տվեք, կլուծենք»,- խոստացավ նա: