«Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը հեռանկարում ավելացնելու է Հայաստանի և Վրաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը». վրաց փորձագետ

Նոյեմբերի 4-ին մեծ շուքով կայացավ Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է 2010թ․՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011թ․ այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015 թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: 2012թ․ օգոստոսին ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը ստորագրել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 52.13 մլն եվրո է: Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող այս ծրագիրը տեղի է ունենում Եվրոպական միության տեխնիկական աջակցությամբ:

Սահմանային վերոնշյալ անցումային կետերի արդիականացման ծրագրի վերջնաժամկետը սահմանվել է երկու փուլով՝ նախատեսելով, որ առաջին փուլում շահագործման կհանձնվեն Բագրատաշենի և Գոգավանի անցակետերը, երկրորդ փուլում՝ Բավրայի անցակետը: Բավրայի անցակետում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման համար նախատեսված տարածք, ծանոթացել կամրջի կառուցման նախապատրաստական աշխատանքներին:

Հայաստանը Վրաստանին կապող կամրջի շինարարությունը կմեկնարկի 2017թ.։

Նախատեսվում է, որ կառուցվող կամուրջն ավելի կդյուրինացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ և հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Այն նաև կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը, կդյուրինացնի առևտուրը Վրաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ:

168.am-ի հետ զրույցում Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն գնահատեց տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ եվրոպական չափանիշերին համապատասխանեցված սահմանային անցակետերը ոչ միայն դյուրացնելու են հայ-վրացական առևտրատնտեսական կապերը, հաղորդակցությունը,  այլև խորացնելու են քաղաքական կապերը, որի համար էլ Եվրոպական միությունը տրամադրել է այդ միջոցները Հայաստանին և Վրաստանին:

«Սա, իմ գնահատմամբ, շատ ավելի գլոբալ նշանակություն ունեցող ծրագիր է, քանի որ նպաստելու է տարածաշրջանային երկու երկրների կապերի զարգացմանը, ինչը նշանակում է՝ տարածաշրջանի զարգացում, չնայած տարածաշրջանային երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների էական տարբերություններին: Ստացվում է, որ եվրաատլանտյան ինտեգրացիոն ուղին որդեգրած Վրաստանը և եվրասիական ինտեգրացիոն ծրագրերում ներառված Հայաստանը կարողանում են ստեղծել հարաբերությունների մակարդակ, որը կարծես թե վեր է այս խնդիրներից, թեև հանգամանքների այլ դասավորության պայմաններում այս օժանդակությունը գուցե այլ որակների հասներ: Այնուամենայնիվ, սա երկու երկրների և տարածաշրջանի համար բավականին լուրջ իրադարձություն է և հեռանկարային, քանի որ այս ծրագիրը մեծ ծավալներ ունի, ուստի, վստահ եմ, որ արդյունքները հեռանկարային են լինելու»,- ասաց Ցինցաձեն:

Նրա համոզմամբ՝ այս ծրագրում ԵՄ-ն հաշվի է առել նաև Իրան-Հայաստան-Վրաստան կապերի զարգացման հեռանկարը, որն ուղղվածություն կունենա նաև դեպի Եվրոպա, խոսքն առևտրաշրջանառության և հաղորդակցության մասին է:

Ուստի, Ցինցաձեի համոզմամբ, սա մի ծրագիր է, որի շարունակականությունը կավելացնի տարածաշրջանի, այս դեպքում՝ Հայաստանի և Վրաստանի, տնտեսական և քաղաքական անվտանգությունը, ինչը չափազանց կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները Սիրիայում, Ուկրաինայում:

Տեսանյութեր

Լրահոս