Բաժիններ՝

ՎՊ-ի աղաղակող բացահայտումները. Ստուգվել է կրթական ոլորտը

ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամում:

ՎՊ-ն բացահայտել է բազմաթիվ խախտումներ: Ըստ ՎՊ հրապարակած զեկույցի` «Կրթության  բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական  դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի կատարման ժամանակ, որը ֆինանսավորվել է երկու փուլով` 505 մլն 826.8 հազար և 507 մլն 945 հազար դրամ ծավալով, Կրթության ազգային ինստիտուտը փաստացի ծախսն առաջին հաշվետվությամբ ցույց է տվել 793.7 հազար դրամով ավելի, երկրորդ հաշվետվությամբ` 9 մլրդ 674.2 հազար դրամով պակաս, սահմանված 10000 հազարի փոխարեն՝ փաստացի վերապատրաստվել է 8077 մանկավարժ:

Կապի ծառայությունների համար նախատեսվել է 19 մլն 191.5 հազար դրամ` իրական ծախսից 12 մլն 735.5 հազար դրամով ավելի: Ընդ որում` ինստիտուտի և ԿԳՆ-ի կողմից, բացի հիմնական հեռախոսագծերից, օգտագործվում է 75 բջջային հեռախոսակապ, մինչդեռ 2015թ.-ի բյուջետային հայտով բջջային հեռախոսակապի համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Ծրագրի բյուջետային հայտով միջոցները նախատեսվել են առանց հիմնավորումների և հաշվարկների: Ինստիտուտը մոտ 7.7մլն դրամ փաստացիից ավելի ծախս է ցույց տվել գրասենյակային և տնտեսական նյութեր հոդվածով, տրանսպորտային ծախսերն «ուռճացվել» են 1 մլն 635.8 հազար դրամով, միաժամանակ կատարվել են չնախատեսված ծախսեր: Ընդհանուր առմամբ, եթե անհրաժեշտ ծախսերը հանենք, ավելի քան 30 մլն դրամի գերհատկացում է եղել:

Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ինստիտուտը պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացված միջոցների մնացորդներն ավանդ է դրել բանկում: 01.01.2016թ. ինստիտուտի դրամական միջոցների մնացորդը կազմել է 202 մլն 137.2 հազար դրամ:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրում ևս ՎՊ-ն մեծածածավալ չարաշահումներ է բացահայտել: Այսպես, ըստ զեկույցի, պետբյուջեից ՄԿՈՒ ծրագրով նախատեսվել է 166 մլն 171.2 հազար դրամ: 129.6 մլն դրամ փաստացի ծախսի դեպքում կատարողական հաշվետվությամբ ծախսը ցույց է տրվել 162 մլն 963.6 հազար դրամ, այսինքն` 33 մլն 362.7 հազար դրամով ավելի:

«Հետաքրքրաշարժ» ծախսերի թվին կարելի է դասել տրանսպորտային ծախսը` 812.1 հազար դրամ, սակայն ՄԿՈՒԶԱԿ-ն իրեն ամրացված տրանսպորտային միջոց չունի, նաև կապի, էլեկտրաէներգիայի, կոմունալ և այլ ծախսեր հոդվածներով նախատեսվել է 9 մլն 111.2 հազար դրամ՝ այն դեպքում, երբ ՄԿՈՒԶԱԿ-ն իրեն ամրացված շենք- շինություններ չունի, որևէ ծառայության բաժանորդ չի հանդիսանում, գործում է Կրթության ազգային ինստիտուտի շենքում` զբաղեցնելով 4 սենյակ: ՎՊ-ն արձանագրել է, որ ՄԿՈՒ ծրագրի բյուջետային հայտով միջոցները նախատեսվել են առանց հիմնավորման և հաշվարկների: ՄԿՈՒ ծրագրով սահմանվել է «չափորոշիչների և գնահատման չափանիշների մշակում» և «ներդրված մոդուլային ծրագրերի» քանակ, յուրաքանչյուրից 17 հատ: Սակայն յուրաքանչյուրից մշակվել է 10 հատ, որոնց համար նախատեսվել է համապատասխանաբար՝ 22 մլն 440 հազար դրամ և 11.9 մլն դրամ: Թերակատարված մշակումների համար պետական բյուջեով հատկացված գումարը` 24մլն 38 հազար դրամ, ենթակա է վերադարձման պետական բյուջե:

«Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով հատկացվել է 140 մլն դրամ, որից 90 մլն դրամը` Կրթության ազգային ինստիտուտին, 50 մլն դրամը` Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնին: Ըստ այդմ` բուհերում պետք է ներդրվեին կրեդիտային համակարգի և ուսանողների վարձավճարների տարբերակված մեխանիզմներ:

ՎՊ-ն արձանագրել է, որ աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման նպատակով  ծախսված 68.8 մլն դրամից 58.3 մլն դրամի աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվել է առանց օրենքով սահմանված գնման ընթացակարգի ապահովման: Մասնավորապես` նախարարական գագաթաժողովի ժամանակ թարգմանչական տեխնիկայի ապահովման և սպասարկման ծառայության մատուցման համար «ԷՅ ՍԻ ԷՍ» ընկերությանը վճարվել է 12մլն 325 հազար դրամ, թեև միջոցառումը թե՛ բյուջետային հայտով, թե՛ ծախսերի նախահաշվով նախատեսված չի եղել, իսկ «Օջախ» ռեստորանում պաշտոնական ճաշկերույթի կազմակերպման համար վճարվել է 11 մլն 220 հազար դրամ: Իսկ ահա գրեթե 4.5 մլն դրամի միջոցառումներն առնչություն չեն ունեցել ծրագրի նպատակների հետ, օրինակ` «Օջախ» և «Սալոն» ռեստորաններում ճաշկերույթներ, «Արմենիա» հյուրանոցում գիշերավարձ, կամ էլ` «Սթրիթ վորկաութ ընդ Սթրիթլիֆտինգ» մարզական հ/կ-ին վճարվել է 2.4մլն դրամ` մարզաձևի Հայաստանի առաջնության անցկացման նպատակով:

Նախատեսված չի եղել նաև «ԱՅ ՓԻ էս ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ուսանողների կենսաոճի, սոցիալ-տնտեսական կարիքների հետազոտության համար` 15 մլն 402.3 հազար դրամ արժեքով: Ծախսերը հավելագրվել են նաև գագաթաժողովի 600 մասնակիցների հյուրասիրության համար, ինչպես նաև՝ մի շարք այլ հոդվածներով, իսկ հաշվետվություններն ու նախահաշիվներն առհասարակ բացակայում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս