Ոստիկանությունը պարզաբանում է
Համացանցում զետեղված «Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ինչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք…» հրապարակման կապակցությամբ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման համար Անահիտ Բախշյանի նկատմամբ 25.04.2016 թվականին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604440863 որոշումը, որն ուժի մեջ է մտել 07.05.2016 թվականին:
Նշված որոշմամբ նշանակված տուգանքի գումարը մուտք է եղել ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին 07.06.2015 թվականին, այսինքն վճարումը համարվել է կատարված օրենքով սահմանված 30 օրյա ժամկետի խախտմամբ, ինչի պատճառով գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
Ա. Բախշյանի 10.10.2016թ. դիմումի շուրջ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նշանակված տուգանքի գումարը վճարվել է 06.06.2016 թվականին, սակայն վճարումն ընդունող կազմակերպության կողմից այն փոխանցվել է 07.06.2016թ., ինչի պատճառով վճարումը համարվել է սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ:
27.10.2016 թվականին ԴԱՀԿ ծառայություն գրություն է ուղարկվել թիվ 1604440863 որոշման կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված նմանատիպ խնդիրներից խուսափելու նպատակով 2016 թվականի հուլիսից Ճանապարհային ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ ստեղծվել և ներդրվել է տեսախցիկներով ու լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձման առցանց համակարգ, ինչը հնարավորություն է տվել վճարումը կատարելուց անմիջապես հետո տուգանք նշանակելու որոշումների վարույթները ավարտել և զերծ մնալ նման խնդիրներից: