«Հիմա կսկսեն արդեն թղթեր ստեղծել, ցավոք սրտի, կան այն շերտերը, որոնք փորձում են դա օգտագործել» ԿԳ նախարար
Բյուջեով նախատեսված գումարները հնարավորություն են տալիս կրթության ոլորտում նախատեսված ծրագրերն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ըստ որի, իհարկե, ավելի լավ կլիներ, որ ավելի շատ գումար նախատեսված լիներ կրթությանը, բայց սա եղած հնարավորությունների սահմաններում է: Նշենք, որ կրթության ոլորտի համար 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 128 միլիարդ 7 միլիոն դրամ:
Նախարարը նշեց, որ նախատեսված գումարից բացի՝ իրենք նաև աշխատում են դոնորների հետ. «Շատ լուրջ աջակցություն մենք ունենք միջին մասնագիտական կրթության մեջ. օրինակ, Եվրամիության հետ ենք աշխատում, նույն դիլիջանյան կլաստերի խնդիրը, որը հսկայական ներդրում է կրթության բնագավառում՝ արդեն մասնավոր ներդրողի կողմից, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ունենք որոշակի ուղղություններ: Այսինքն՝ եթե հաշվենք՝ կրթության մեջ ինչքան գումար է ներդրվում, դա մի թիվ է, և բյուջեից ինչքան գումար է դրվում, դա երկրորդ թիվն է: Իհարկե, միշտ ցանկալի կլինի, որ շատ լինի»:
Նախարարի խոսքով՝ այն բյուջեն, որն այսօր ձևավորված է, հնարավորություն է տալիս նախ՝ իրենց համակարգի աշխատավարձերի և այլ խնդիրները լուծել և նոր ծրագրեր ունենալ:
Հարցին, թե՝ երբ ասում եք՝ բյուջեն մի թիվ է, միջազգային կառույցներից ստացածը՝ այլ թիվ, կարելի՞ է ասել, որ դրանք հավասար գումարներ են՝ նախարարն այսպես պատասխանեց. «Ոչ, բյուջեի գումարը հսկայական է, և ինքը պահում է ՀՀ-ի ամենամեծ ցանցը՝ 40 հազար ուսուցիչ ունենք, աշակերտության և կրթության մեջ ներգրավվածության թվով, կարող է, մոտ 500 հազար մարդու մասին է խոսքը»:
Նախարարը նկատեց, որ մարտական հերթապահություն անցկացրած երիտասարդները ստանում են բուհերում ուսման վարձի երեսուն տոկոս զեղչ, ապրիլյան պատերազմին մասնակցածները՝ առնվազն հիսուն տոկոս. «Այստեղ գալիս է հարցադրում, թե ի՞նչ ձևով պետք է ֆիքսվի, որ ապրիլյան կռիվներին մասնակցած է: Այստեղ կա ավելի մեծ հիմնահարց, ի վերջո, այսօր էլ սահմանի վրա երեխաների մի զգալի հատվածը մարտական հերթափոխ են անում, մենք երևի կարիք ունենք՝ ընդհանրապես հասկանանք՝ մարտական հերթափոխ իրականացրած երիտասարդներին ինչո՞վ կարող ենք օժանդակել: Մի մասն ասում է՝ մասնակցել եմ, չեմ կարողանում փաստել, հիմա պետք է հստակեցնենք, զորամասերը երևի պետք է տան այդ թղթերը, այդ խնդիրը պետք է հստակեցվի: Լավ գաղափար է, պարզապես դա չպետք է բերի չարաշահումների, հիմա կսկսեն արդեն թղթեր ստեղծել, ցավոք սրտի, կան այն շերտերը, որոնք փորձում են դա օգտագործել»: