«Չկա նախարարությունում Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ, սենյակը պատկանում է պետությանը». Առողջապահության նախարար
Բժշկական կենտրոններում պետպատվերների կրճատման ուղղությամբ դեռ ոչ մի քայլ չի նախաձեռնվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ իրենք ուսումնասիրում են հարցը և միգուցե չանդրադառնան այդ մոդելին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք դա պայմանավորված է բողոքներո՞վ՝ նախարարը պատասխանեց, որ ոչ այնքան՝ բողոքներով, որքան՝ ոչ նպատակահարմարությամբ:
Դիտարկմանն էլ, թե՝ ինչ նշանակվել եք նախարար, տեղեկություններ են շրջանառվում, որ ձեր աշխատանքային մեթոդները, նոր որդեգրած սկզբունքները գլխիվայր շրջելու են նախարարությունն ու հիմնահատակ քանդելու են, որովհետև դուք դեմ եք, որ այնտեղ աշխատում են բժիշկ մասնագետներ, կարծում եք, որ պետք է մենեջերներ ու ֆինանսիստներ լինեն, ու նպատակադրված եք կրճատումներ անել, որի առնչությամբ դժգոհություններ են հնչում՝ նախարարը պատասխանեց, որ առաջին դժգոհությունը լսում է լրագրողներից. «Եթե լսեի այլոց, կբացատրեի իմ մոտեցումները: Ես չեմ լսել դժգոհություններ»:
Հարցին էլ, թե՝ Դուք ինչպե՞ս եք վերածելու բժիշկներին ֆինանսիստների՝ նախարարն այսպես արձագանքեց. «Որ կվերածենք, կիմանաք, դեռ չգիտեմ՝ ինչպես»: Լրագրողի ճշտող հարցին, թե՝ կրճատվելո՞ւ են այդ բժիշկերը, թե՞ ոչ, Լ. Ալթունյանն այսպես պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրանք բժիշկներ են, էլի եմ ասում, որ անառողջ է, որ ֆինանսիստ աշխատում է բժիշկը, եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, մենք նրան կկրճատենք, եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատելու»:
Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ նախարարությունում Դուք ռուսերենը հռչակել եք՝ որպես մայրենի լեզու ու, ըստ այդմ, որոշում եք՝ ում կրճատել, նախարարը հորդորեց չհավատալ այդ հայտարարություններին: Նրա բնորոշմամբ՝ դա սուտ է:
Հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հ/կ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը կարծես ևս ցանկություն չունի ձեզ հետ աշխատելու, չնայած, ինքն արձակուրդում է գտնվում՝ նախարարն այսպես պատասխանեց. «Ցավում եմ դրա համար»
Դիտարկմանը, թե՝ ասում են՝ նրա սենյակում փոխնախարարին եք նստեցրել, ու դա ակնարկ է, որ նրան քաղաքավարի դուրս եք հրավիրել, նախարարը պատասխանեց, որ փոխնախարարը նստած է իր սենյակում. «Սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին, չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ, սենյակը պատկանում է պետությանը, և այնտեղ նստում են պետական անձինք»:
Հարցին, թե՝ դուք ցանկություն ունե՞ք նրա հետ աշխատել՝ նախարարը պատասխանեց, որ ինքը ցանկություն ունի աշխատել ցանկացած անձի հետ, որն օգուտ կբերի ընդհանուր գործին: Իսկ թե Ռ. Խաչատրյանը կբերի՞ օգուտ, նախարարը դեռ չգիտի. «Ես դեռ չեմ աշխատել նրա հետ, իմ օրոք ինքն արձակուրդում էր»: