Հայաստանը՝ նախկին Սովետական Միության Սիլիկոնային հովիտ. Startus magazine-ի անդրադարձը
Startus magazine հարթակը, որը մշտապես անդրադառնում է Եվրոպայում ստարտափ շարժման զարգացումներին, այս անգամ անդրադարձել է Երևանին և ինֆոգրաֆիկայի միջոցով պատմել է, թե ինչպես է պետք ստարտափ սկսել Երևանում:
Startus magazine-ի կարծիքով՝ ստարտափ բիզնես հիմնելու համար Հայաստանի մայրաքաղաք Երևանը կարող է լինել առաջին ընտրություններից մեկը:
Հայաստանն ամսագիրը ներկայացնում է՝ որպես Եվրոպայի եզրում գտնվող երկիր, որը մշակույթների խաչմերուկում է: Ամսագիրը նշում է, որ Հայաստանը մի երկիր է, որի համար պայքարել են հռոմեացիները, արաբները, բյուզանդացիները, պարսիկները, մոնղոլները, օսմանները, ռուսները և Խորհրդային Միությունը:
Ամսագիրը Հայաստանն անվանում է նախկին Սովետական Միության Սիլիկոնային հովիտ՝ նշելով, որ 20-րդ դարի մեծ մասում ԽՍՀՄ կազմում լինելու արդյունքում շատ է փոփոխվել Հայատսանի և հատկապես՝ Երևանի կյանքը: Երևանը սկսել է զարգացնել գիտությունը և ստեղծել է որոշ մշակումներ, որոնք առկա էին միայն Սովետական Միությունում:
Այս օրերին կովկասյան լեռներով շրջապատված, մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող եվրոպական մայրաքաղաք Երևանը, ըստ ամսագրի՝ ականատես է լինում մեծ թափ ստացող ստարտափ շարժման: Երևանում նկատելի է ստարտափ շարժման մեծ առաջընթաց, որին նպաստում են հասանելի ռեսուրսները, բիզնես հիմնելու համար նախատեսված պայմանները, կառավարության վարած քաղաքականությունը: Ամսագիրը նշել է նաև, որ հարկային օրենսդրության փոփոխություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համար աշխատելու նպաստավոր պայմաններ են ստեղծվել։
Ըստ ամսագրի՝ Երևանում ստարտափ շարժման համար կան բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ էլ ամեն տարի Հայաստանը ներկայացնում է մոտավորապես 10 հաջողված նախագիծ: Ամսագիրը կարևորում է նաև ինկուբատորների, ֆոնդերի և աքսելերատորների դերն այս գործում:
Խոսելով Երևանի մասին՝ ամսագրի լրագրողները նշում են, որ Երևանը բոլոր նրանց, ովքեր հոգնել են տուն-աշխաավայր-տուն ռեժիմից, առաջարկում է երեկոն վայելելու իր տարբերակները: Սարյան փողոցը, որը լի է մշակույթով, որտեղ շատ քիչ են տրանսպորտային միջոցները, առաջարկում է բոհեմյան մի համայնապատկեր, որտեղ կարող եք գտնել ձեզ համապատասխան հանգստյան վայր: Ակումբները, բառերը, փաբերն առաջարկում են իրենց այցելուներին վայելել Dudu Shot, որը տեկիլայից, ձիթապտղից, տաբասկո սոուսից և երևանյան գաղտնի բաղադրիչից պատրաստվող կոկտեյլ է:
Joomag, PicsArt, HIVE, Zangi, SOLOLEARN և մի շարք այլ նախագծերի օրինակով ամսագիրն առաջարկում է ինֆոգրաֆիկայի միջոցով հասկանալ, թե ինչպես է պետք սկսել ստարտափ Երևանում, և ինչ է պետք է անել հաջողության հասնելու համար;
Առաջարկում ենք ծանոթանալ հարթակի պատրաստած ինֆոգրաֆիկային:
Սիրարփի Աղաբաբյան