«Խնդիրները միայն այդ կազմակերպության հետ չեն». ՀՀԿ-ական պատգամավորը՝ նախագահի ու վարչապետի հանձնարարականների մասին
«Այդ հարցը միշտ շոշափվել է, քննարկվել է, հասարակության մեջ շատ վաղուց դա հնչեցվել է, միջոցներ ձեռնարկվել են»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության և ճանապարհային երթևեկության կանոնակարգումների վերաբերյալ տրված հանձնարարականների մասին:
ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո այդ տուգանքների վճարաչափն իջեցվեց. «Գնալով ճանապարհների կանոնակարգումը կատարվում է: Այդտեղ հիմնական խնդրի բուն էությունը ո՞րն է, նախ, ճանապարհային կանոնների կարգավորումն օգնում է վթարների կանխարգելմանը, տուգանքների չափերի համաչափ լինելը շատ վիճելի խնդիր է: Նախագահի հանձնարարականների մեջ կանխարգելիչ մոմենտներն ավելի շատ են, դա պետք կանխարգելիչ հանդիսանա, որ վերանա վթարը: Երկրորդ խնդիրը որ կա, թե ո՞ւր է ուղղվում և ինչի՞ համար են ուղղվում այդ գումարները, դրա համար հանձնարարական տրվեց, որ ամփոփիչ մի կանոնակարգ մշակվի, որ այդ գումարներն ուղղվեն համայնքային և պետական կառավարմանը»:
Լ. Ալեքսանյանի կարծիքով՝ այն ճանապարհահատվածներում, որտեղ արագաչափերն ավելի շատ են տեղադրված, քիչ են վթարները, որտեղ սարքերը քիչ են՝ վթարներն ավելի շատ են: Մեր այն դիտարկմանը, թե վարորդները շատ էին բողոքում արագաչափերից՝ Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց.
«Տուգանքների մասին է խոսքը: Արագաչափերը դրական երևույթ են, տուգանքների հետ կապված խնդիրներ կան, ոչ թե՝ որ արագաչափերը վատ բան են, այլ՝ արդյո՞ք այդ տուգանքները համահունչ են խախտումների կատարման հետ, և թե այդ գումարներն ուր են գնում: Արագաչափերը չեն կարող սխալ ֆիքսել, նա նկարում է, ուրիշ բան, որ այն մարդը, որ նայում է այդ արագաչափին, ֆիքսածը ճիշտ չի տուգանում ու ճիշտ չի այդ նկարը մեկնաբանում»:
Լ. Ալեքսանյանը նշեց, որ այդ ուղղությամբ հանձնարարականներ տրվեցին, որպեսզի ավելի տեսանելի լինի, ավելի հրապարակային լինի, որ վարորդն ինքը փորձի՝ առանց ոստիկանի տեսնել իր կատարած սխալն ու համապատասխանեցնել ոստիկանի մեկնաբանության հետ: Ինչպես հայտնի է, այսօր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանության պետին հանձնարարեց, անհրաժեշտության դեպքում՝ ներգրավելով նաև Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված այս ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե դա նախընտրական քայլ էր իշխանությունների կողմից՝ Լ. Ալեքսանյանը չհամաձայնեց. «Դա տեղավորվում է այն շրջանակներում, որ հանձնարարականները տրվել են, որովհետև այդ նույն խնդիրները կապված են նաև այդ ընկերության հետ: Շատ սովորական հանձնարարական է, որը փորձում է վերլուծի նաև այդ ընկերության հետ հարաբերությունները»: Հարցին, թե ինչո՞ւ կար նման անհրաժեշտություն, որո՞նք էին այդտեղ խնդիրները՝ ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ընդամենը հանձնարարական է տված՝ վերլուծել հարաբերությունները և նոր կարգավիճակ, հարաբերություններ ստեղծել: Խնդիրներն այն շրջանակում են, որ այսօր հնչեցվում են հասարակության կողմից, և խնդիրները միայն այդ կազմակերպության հետ չեն, նաև մեր օղակների հետ է և այդ հարաբերությունների հետ էր, թե միջի խոհանոցն ինչպիսի՞ն է, ես չգիտեմ»: