«Գուցե հաջորդ տարվա առաջին եռամսյակին ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրվի
«Մենք արդեն կարևոր հանգրվան ենք տեղափոխվում այն առումով, որ գուցե դեկտեմբերին կայանալիք հերթական բանակցային փուլը հնարավորություն կտա արդեն տեսանելի դարձնել բանակցային գործընթացի ամփոփման հնարավորությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի կնքման մասին՝ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ 2015 թվականի դեկտեմբերից մեկնարկած բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է եղել. «Մենք լավատես ենք, որ մոտ ապագայում մենք ավարտին կհասցնենք գործընթացը»:
Մանրամասնելով, թե կա՞ն արդյոք հստակ ժամկետներ՝ երբ կստորագրվի համաձայնագիրը՝ Կ. Նազարյանն ասաց, որ խոսքը գնում է գոնե հաջորդ տարվա մասին. «Գուցե հաջորդ տարվա առաջին եռամսյակին: Ամեն ինչ կախված է դինամիկայից, կողմերի ճկունությունից: Կան հարցեր, բնական է, որ այդ հարցերը կան, երկու կողմերն էլ փորձում են առավելագույնս արտացոլել իրենց մոտեցումները, շահերը, իրենց առաջ մտայնությունները փաստաթղթում, և սա բավականին պահանջկոտ գործընթաց է: Գաղտնիք չէ, որ նաև այս բանակցությունների ընթացքում մենք փորձում ենք անել ամեն բան համատեղելի տարրերն ի հայտ բերելու՝ ԵԱՏՄ անդամակցության առումով՝ մի կողմից, մյուս կողմից՝ Եվրոպայի հետ մեր ապագա համագործակցության տեսանկյունից»: