Կառավարությունն առաջարկում է ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար գազի խթանիչ սակագին սահմանել
Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին նախագիծը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ որոշմամբ առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին:
Ըստ նրա՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից և նպատակ ունի բարձրացնել այն արտադրանքի մրցունակությունը, որի արտադրության մեջ գազի ինքնարժեքի մեջ գազի տեսակարար կշիռը բավականին բարձր է։
Ըստ որոշման նախագծի՝ ոլորտը հիմնականում արտահանում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, և ռուսական շուկայում տեղի ունեցած տնտեսական բացասական երևույթները զգալիորեն անդրադարձել են ոլորտի ընկերությունների վրա` բերելով վերջիններիս արտադրանքի մրցունակության անկման: