
«Ճիշտն ասած, չգիտեմ՝ մենք գիշերային ակումբներում տարիքային սահմափակումներ ունե՞նք, թե՞ ոչ». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարականներ տվեց առողջ ապրելակերպի առնչությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հարցին:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները բավականին մտահոգիչ են:
Խնդրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը գործող օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում:
Առաջարկում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ հսկողություն իրականացնել խնդրի նկատմամբ: Այս առումով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև տարբեր սրճարանների, ակումբների և զվարճանքի այլ վայրերին: Կարևորագույն խնդիրը:
Ճիշտն ասած՝ մենք մեր սպորտի նախարարին ասել ենք, որպեսզի առողջ ապրելաոճը մասսայական քարոզենք: Դեռ չենք նկատում և սպասում ենք ձեզանից: Շատ կարևոր խնդիր է: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, մենք գիշերային ակումբներում տարիքային սահմափակումներ ունե՞նք, թե՞ ոչ: Պետք է մտցնել»,- ասաց վարչապետը:
Նա խնդրեց տեղական ինքնակառավարման մարմիններին մաքսիմալ ուշադրություն դարձնել այս հարցին: