Էժան գազի բույրը

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը երեկ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Գազպրոմ-Արմենիան» որոշել է նվազեցնել սակագները՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի գազ սպառողների համար, ինչպես նաև՝ սահմանել է 3 նոր սպառողական խմբեր (սոցիալապես անապահով խավ, ջերմոցային տնտեսություններ և վերամշակող ընկերություններ), որոնց համար կսահմանվի է՛լ ավելի ցածր սակագին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), դատելով այդ կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի հարցազրույցից, կբավարարի այդ հայտը։ Իրոք, ինչո՞ւ թույլ չտալ, եթե ընկերությունն ինքնակամ ցանկանում է սակագին նվազեցնել՝ ի շահ Հայաստանի բնակչության։

Թվում է՝ բնակչությունն էլ պետք է անթաքույց ուրախանա, որովհետև մշտապես թանկացումների դեմ բողոքող բնակչության համար այս էժանացումն իսկական անակնկալ է՝ լավ իմաստով։

Սակայն հենց այն, որ մենք սովոր չենք էժանացումների, այն էլ՝ սեփական կամքով, և այն էլ՝ գազի մոնոպոլիստի կողմից, կասկածներ է ծնում այս նախաձեռնության նկատմամբ։ Ինչո՞ւ պետք է «Գազպրոմն» անշահախնդիր կերպով նման բան աներ։

Բոլորը հիշում են, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին «Գազպրոմը» նվազեցրեց Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը՝ սահմանելով 1խմ-ի համար 165 դոլար (նախկին 189-ի փոխարեն)։ Գազի գնի 24 դոլարանոց էժանացումը որևէ ազդեցություն չունեցավ վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագնի վրա։ Դա պատճառաբանվեց դրամի փոխարժեքով. «Գազպրոմ-Արմենիան» այդ կերպ որոշ չափով փոխհատուցեց դրամի արժեզրկումից կրած կորուստը։

«Գազպրոմ-Արմենիան» թե՛ այդ ժամանակ, թե՛ դրանից առաջ սակագին սահմանելիս միշտ պնդել է, որ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, և առաջարկվող սակագինը նվազագույնն է, որ կարող է իրեն թույլ տալ։

Եվ ընդամենը մի քանի ամիս հետո այս ընկերությունը սեփական նախաձեռնությամբ դիմում է ՀԾԿՀ-ին՝ սակագինը նվազեցնելու հայտով։ Բնական է, առաջին հարցը, որ կարող է առաջանալ, հետևյալն է՝ եթե գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կար, ինչո՞ւ դա ավելի շուտ՝ մի քանի ամիս առաջ, չէին անում։

Ու հենց դրա համար էլ «Գազպրոմ-Արմենիան» փակում է այդ հարցը՝ հասկացնելով, որ այսօր էլ այդ հնարավորությունը չկա, և գազի սակագինը նվազեցվում է, ռուսերեն ասած, «через не могу»՝ կորուստների գնով: Ընդ որում, մեծ կորուստների։

Տեսեք, 2015 թվականի ընթացքում Հայաստանում սպառվել է մոտավորապես 1921 մլն խմ բնական գազ։ 526.6 մլն խմ-ն սպառվել է բնակչության կողմից, 484.5 մլն խմ-ն՝ ԱԳԼՃԿ-ների, 327.8 մլն խմ-ն՝ էներգետիկ ոլորտի, 195.6 մլն խմ-ն՝ արդյունաբերության, 185.2-ը՝ այլ սպառողների կողմից։  «Գազպրոմ-Արմենիան» այժմ ցանկանում է 1 խմ-ի սակագինը նվազեցնել բնակչության համար 7.7 դրամով (146.7-ից հասցնելով 139 դրամի), խոշոր սպառողների համար՝ մոտ 1.55 սենթով կամ 7.3 դրամով (1000 խմ-ի գինը 257.56 դոլարից դառնում է 242.1 դոլար)։ Պարզ թվաբանական գործողություններով կարող ենք ստանալ, որ գազի ներկայիս ծավալների պահպանման դեպքում՝ «Գազպրոմ-Արմենիան» սակագնի նվազեցման արդյունքում կորցնում է նվազագույնը 14 մլրդ դրամ։ Կամ միգուցե ավելի շատ` հաշվի առնելով, որ սոցիալապես անապահով խավերի, ջերմոցային տնտեսությունների և ջերմամշակող ընկերությունների համար սակագինն ավելի շատ է նվազում (մեր տեղեկություններով՝ այդ 3 խմբերը միասին սպառում են մոտ 130-140 մլն խմ)։

14 մլրդ դրամը լուրջ թիվ է։ Ունի՞ արդյոք «Գազպրոմ-Արմենիան» այդքան կորուստ կրելու ռեսուրս։ Դատելով ընկերության հայտարարությունից՝ այս պահին չունի։ Սակայն՝ կունենա։ Ֆինանսական այդ ճեղքվածքը փակելու համար «Գազպրոմ-Արմենիան» 3 միջոց ունի։

Առաջինը Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցման հնարավորությունն է: Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին, և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ  էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով:

Բացի այդ, «Գազպրոմ-Արմենիան» մտադիր է ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագիր իրականացնել՝ ուղղված ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

Ու վերջապես, ընկերությունը Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում ակնկալում է սպառման ծավալների ակնկալվող աճ:

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, առաջին կետը դեռ հստակ չէ։ Ինչպես նշվում է, մեկնարկել են բանակցություններ, և դրանց արդյունքը դեռևս հայտնի չէ։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Եթե այս քայլերով հնարավոր չլինի փակել «Գազպրոմ-Արմենիայի» ֆինանսական ճեղքվածքը, ապա այս ընկերության միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմի» կողմից կլինի ֆինանսավորում։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ֆինանսավորման նպատակն է՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացումն ու աճի միտումների խթանումը:

Կարճ ասած, «Գազպրոմ-Արմենիան» ու նրա սեփականատերը սեփական շահերին դեմ են գնում՝ ՀՀ ազգաբնակչությանը լավություն անելու համար։ Սրան մի քիչ դժվար է հավատալ։

Մանավանդ որ, «Գազպրոմ-Արմենիան» վնասով աշխատող ընկերություն է. 2015 թվականը փակվել է շուրջ 10.7 մլրդ դրամ վնասով։

Վերը նշված քայլերը (տարանցման պայմանները, ֆինանսական պարտավորությունների օպտիմալացումը) ընկերությունը, այսպես թե այնպես, կարող էր անել՝ շահութաբերություն ապահովելու համար։ Սակայն նախընտրում է դրանցից ակնկալվող օգուտը նվիրել մեզ։

Ինչո՞ւ։ Իսկ որ ավելի կարևոր է՝ կոնկրետ ո՞ւմ է ուղղված այս նվերը։ Կան տեսակետներ, որ դա «Գազպրոմի» նվերն է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Չէ՞ որ նա իր նշանակման առաջին օրերին խոսեց գազի սակագների դիվերսիֆիկացման միջոցով անապահով ու այլ շերտերի համար սակագնի նվազեցման մասին։ Ու ստացվում է՝ վարչապետի առաջին խոստումներից մեկը շատ արագ իրականություն է դառնում։

Ինչի՞ համար «Գազպրոմը» պետք է Կարեն Կարապետյանին նման նվեր աներ։ Կասեք՝ միգուցե այն պատճառով, որ Կարապետյանն իրենց հարազատ մարդ է, եղել է իրենց աշխատողը, և այլն։ Սակայն «Գազպրոմը» չափազանց պրագմատիկ է՝ նման սենտիմենտալիզմի ետևից ընկնելու համար։ Հակառակը, փորձը ցույց է տվել, որ մեզ հետ հարաբերություններում գործում են բիզնեսի չոր կանոնները, և պարտքերը ստացվում են մինչև վերջ (փողի կամ գույքի տեսքով)։

Այս կապակցությամբ մի բան հիշեցնենք։ Օրեր առաջ հրապարակվեցին Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հայաստանցիների շրջանում կտրուկ՝ 17 կետով նվազել է Ռուսաստանի վարկանիշը՝ որպես բարեկամ երկրի։ Անկասկած, Ռուսաստանի իշխող շրջանակներում այս իրողության մասին գիտեին ավելի շուտ ու ավելի խորը, քան կենտրոնի հետազոտությունը։ Ու, ինչպես երևում է, այս «սակագնային» ժեստի նպատակներից մեկը վերաբերմունքի վրա ազդելն էր: Ու այս տեսանկյունից՝ «Գազպրոմը» նվեր է մատուցում ոչ թե՝ Հայաստանին կամ Կարեն Կարապետյանին, այլ՝ ինքն իրեն (Ռուսաստանին)։

Տեսանյութեր

Լրահոս