Կառավարությունը հաստատեց գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն առնչվող որոշումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ աոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծը: Կառավարության նիստի ընթացքում այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է աահմանել, որ որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագներ սահմանելիս որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:
Ըստ որոշման նախագծի՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունների կողմից գազի և էլեկտրաէներգիայի սպառման մատչելիությունը բարելավելու համար անհրաժեշտ է ներդնել տարբերակված մոտեցումներ: