
Գերմանիան քաղաքական շարժառիթներով արտահանձնում չի իրականացնի Թուրքիա

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով սկսված հետաքննությունների շրջանակում գերմանական կողմն արտահանձնում չի կատարի: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Եթե խոսքը գնա Թուրքիայում ծանր հանցագործությունների, մտադրված սպանության և նմանատիպ այն հանցանքների մասին, ապա արտահանձնման պահանջի առկայության պարագայում մենք կքննենք խնդիրը: Սակայն եթե դատական գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա, ապա ոչ մի դեպքում չի կարող խոսք գնալ արտահանձնման մասին»,- ասել է արդարադատության նախարարը:
Նա դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններն ու «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրավապահ մարմինների գործողությունները: «Մամուլի ազատությունը ժողովրդավար և օրինական պետության հիմնական բաղադրիչն է: ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիրը մամուլի ազատությունը պետք է երաշխիքի տակ առնի: Մամուլի ազատությունը միայն պարբերականների գոյությունը չէ, միևնույն ժամանակ այն պետք է թույլ տա, որ լրագրողներն աշխատեն առանց ճնշման»,- ասել է Մաասը:
Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավորությանը` Գերմանիայի արդարադատության նախարարը հիշեցրել է դաշնային կառավարության դիրքորոշումն այն մասին, որ այդ պարագայում ԵՄ անդամակցության բանակցային գործընթացին վերջ կտրվի: