«Երդմնազանց չեմ լինի, եթե մտնեմ քաղաքականություն». Ազատ Արշակյանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ «Ամարասի Արթուրը», նոր շարժում է ստեղծել՝ «Միացյալ Արմենիա» անվանմամբ, որն առաջիկայում գրանցվելու է՝ որպես հասարակական կազմակերպություն: Կայքերից մեկի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ասել էր. «Բացի հեռահար նպատակներից՝ «Միացյալ Հայաստանը» պատրաստվում է նաև մասնակցել առաջիկա ընտրություններին. և՛ կընտրվենք, և՛ լոբբինգ կանենք: Ակնհայտ է, որ սփյուռքն անընդհատ փորձեր է անում մեր օրենսդիր, կառավարման դաշտը մտնելու համար»: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս ակտիվորեն մասնակցում է այս կառույցի հավաքներին:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջիկայում «Միացյալ Արմենիան» գրանցվելու է՝ որպես հասարակական կազմակերպություն. «Այդ հ/կ-ի ծրագիրն է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք գործընկերությունը: Ծրագիրը հասկանալի է՝ բոլոր հայերն էլ ուզում են միասին լինել, բայց ի տարբերություն մյուսների՝ Ալեքսանյանն առաջարակում է ստեղծել ԱԺ երկրորդ՝ Վերին պալատ, որտեղի պատգամավորները պետք է ընտրվեն Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Սփյուռքից ընտրվելու են այն քաղաքացիները, որոնք երկքաղաքացիություն ունեն»:
168.am-ի դիտարկմանը՝ դա կլինի Սահմանադրության խախտում, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց.
«Այդ հոդվածը մեր գործը բարդացնելու է. այդ մի կետը կարելի է դնել հանրաքվեի: Բայց եթե հանրաքվե լինի, էլի կետեր կան, որ կարելի է դնել հանրաքվեի: Մեր ծրագիրը շատ բարդ է, շատ լուրջ դիմադրության է հանդիպելու, բայց ոչինչ հեշտ չի լինում: Հեշտ լիներ, հիմա արած կլինեին»: Նա նշեց, որ ԱԺ Վերին պալատը երկրի ներքին գործերին չի մասնակցելու. «Նա ընդամենն «այո» և «ոչ» է ասելու, ինչը կարևոր է: ԱԺ-ն ներքին պալատ է, օրենսդրական ամբողջ իրավունքը նրանն է, Վերին պալատն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի. միայն «այո» և «ոչ» է ասում: Եվ եթե ոչ է ասում, ապա ԱԺ-ն 2/3-ով կարող է այդ վետոն հաղթահարել: Մենք ենթադրում ենք, որ ներքևի պալատի համար 2/3 հավաքելը դժվար է լինելու, եթե վիճելի հարց է»:
Մեր հարցին՝ թեև նշում է, որ «Միացյալ Արմենիան» գրանցվում է՝ որպես հ/կ, բայց Ա. Ալեքսանյանը հայտարարել է, որ պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին. եթե առաջիկայում այս կառույցը վերածվի կուսակցության ու մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ինքն ի՞նչ կարգավիճակով է մասնակցելու, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ես նախաձեռնող խմբի անդամ եմ: Հնարավոր է, որ չգիտեմ՝ ինչ պատճառներով պասիվություն ցուցաբերեմ, բայց հավանել եմ այդ ծրագիրը և ուզում եմ, որ այն իրականություն դառնա: Եթե նա քաղաքական հայտ ներկայացնի, ուրեմն՝ ես դասալիք չեմ լինի»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ հնարավո՞ր է՝ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, նա պատասխանեց. «Իհարկե: Մենք չենք ուզում հենց այնպես հայտարարել և ջախջախվել: Ես դրան դեմ եմ: Եթե ռեալ չի լինելու մեր հաղթանակի շանսը, հենց այնպես մենք մեր հարմար կարգավիճակը չենք փոխի պարտված կարգավիճակի հետ: Ես ինքս բարձր եմ գնահատում իմ այս ազատ վիճակը: 0 ամբողջ քանի տոկոս հավաքածի կարգավիճակն ինչի՞ս է պետք: Պետք է լուրջ հաշվարկներ արվեն՝ քաղաքական դաշտ մտնելը մեզ պե՞տք է, թե՞ ոչ:
Այսինքն՝ քաղաքական դաշտ մտնելը դառնում է գործիք մեր ծրագիրն իրականացնելու համար: Ես համարում եմ, որ քաղաքականություն մտնելը նաև կաշկանդող է. հիմա ես ազատ եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել, իսկ եթե դառնում եմ քաղաքական գործիչ, դառնում եմ թիմակից, որոշակի կուսակցական կարգապահություն եմ պահում: Պատգամավոր լինելը գործիք է: Մենք դեռ նման քննարկումներ չենք էլ սկսել»:
Իսկ եթե կուսակցություն չդառնան, ապա, նրա խոսքով՝ որպես հասարակական կազմակերպություն՝ ամեն ինչ անելու են իրենց ծրագրերն իրականացնելու համար. «Մենք կաջակցենք այն կուսակցություններին, որոնք կընդունեն մեր ծրագիրը, իսկ եթե այնպես դասավորվի, որ մեր մասնակցությունն էլ պետք լինի, ապա, իհարկե, մենք էլ կմասնակցենք: Ես չեմ երդվել, որ այլևս չեմ մտնելու քաղաքականություն, հետևաբար՝ երդմնազանց չեմ լինի, եթե մտնեմ քաղաքականություն»: