«Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով». Սյունիքի մարզպետ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի գնահատմամբ՝ իրենց մարզում  բարոյահոգեբանական մթնոլորտը «գերազանց» վիճակում է: Այսօր Ազգային ժողովում լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ժառանգություն է ստացել նախորդից, ասում են՝ Սյունիքում բավականին ծանր մթնոլորտ է:

Ի պատասխան՝ Վ. Հակոբյանն ասաց, որ բացարձակ ծանր մթնոլորտ այսօր չկա. «Նորմալ աշխատանքային մթնոլորտ է տիրում»: Հարցին, թե՝ կադրային ջարդ չի՞ եղել, նախկին աշխատակիցներին ձեր աշխատակիցներով չե՞ք փոխարինել, մարզպետն այսպես պատասխանեց. «Այսօր 90  տոկոսը նախկին մարզպետարանի շարունակում է աշխատել:  Արդեն փոփոխվել են և կփոփոխվեն այն անձնավորությունները, ովքեր իմ կարծիքով՝ ոչ իրենց տեղում են և ոչ մասնագետ են»:

Ճշտող հարցին, թե՝ օրինակ, Զարզանդ Նիկողոսյանը կշարունակի՞ աշխատել, մարզպետը պատասխանեց, որ Զարզանդ Նիկողոսյանն ազատվել է՝ իր դիմումի համաձայն: Վ. Հակոբյանը նաև նշեց, որ ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպել  ու զրուցել է:

Հարցին, թե՝ գաղափարներով կիսվե՞լ է՝ ինչպե՞ս կարելի է մարզի վիճակը բարելավել, Վ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Ոչ, մենք պարզապես զրուցում ենք, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում, ինքն է զանգում, ես եմ կապվում»: Նրա խոսքով՝ իրենք բարիդրացիական հարաբերությունների մեջ են նախկին մարզպետի հետ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ նրա որդու հետ կապված կրիմինալ միջադեպերից որքանո՞վ եք տեղյակ, և այդ պատմությունների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել, մարզպետն այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«Տեղյալ եմ բոլոր պատմություններից, ի՞նչ եք ուզում դրա  մասին ասեմ»: Երբ հարցրեցին, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականն այդ միջադեպերին, մարզպետը պատասխանեց, որ սխալ հասցեատեր են ընտրել այդ հարցի համար: Վ. Հակոբյանը նաև նշեց, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կառավարության որոշմամբ կաշխատի մարզպետարանին կից։

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում ՀՀԿ իշխանությունն ապագայում պահպանել, Վ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքն անկուսակցական է, ու իր առջև նմանատիպ խնդիր դրված չէ: Դիտարկմանը, թե՝ ամեն դեպքում, Դուք նշանակվել եք ՀՀԿ-ի կողմից՝ մարզպետն այսպես արձագանքեց. «Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով»:

Տեսանյութեր

Լրահոս