Ռուսաստանի ամենահարուստ գործարարը՝ ըստ Bloomberg-ի
«Սեվերստալ»-ի հիմնական սեփականատեր եւ տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովն ամենահարուստ ռուսաստանցի միլիարդատերն է դարձել միլիարդատերերի՝ Bloomberg-ի ամենօրյա ինդեքսի (Bloomberg Billionaires Index) համաձայն՝ հետ մղելով ռուսաստանցի մեկ այլ գործարարի՝ Վլադիմիր Պոտանինին:
Գործակալությունը նշում է, որ, ըստ հոկտեմբերի 31-ի տվյալների, Մորդաշովի կարողությունը նախորդ առեւտրական օրվա նկատմամբ ավելացել է 126,3 մլն դոլարով՝ հասնելով 15,7 մլրդ դոլարի, ինչը 200 միլիոն դոլարով գերազանցում է Պոտանինի՝ «Ինտերռոս» ընկերության նախագահի, կարողությունը, որին պատկանում է «Նորիլսկի նիկել»-ի բաժնետոմսերի շուրջ 30 տոկոսը:
Այսպիսով, Մորդաշովը հայտնվել է Bloomberg-ի վարկանիշի 49-րդ տեղում, որում ընդգրկված են աշխարհի 200 ամենահարուստ մարդիկ, իսկ Պոտանինը 51-րդ տեղում է:
Ինչպես նշում է գործակալությունը, «Սեւերոստալ»-ի բաժնետոմսերի գինը վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 18 տոկոսով այն դեպքում, երբ «Նորնիկել»-ի արժեթղթերն էժանացել են 3 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: