«ԱԺ աշխատակազմում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում՝ որոշակի կրճատումներ». Հրայր Թովմասյան
«Եկող տարվա բյուջեն ոչ ստանդարտ է՝ հաշվի առնելով նախընտրական տարին, Ազգային ժողովի ընտրությունները, ինչպես նաև այն բոլոր փոփոխությունները, որոնք պայմանավորված են Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով»,- այսօր ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ 2016 թվականի բյուջեի համեմատ՝ կա տարբերություն՝ երեք ծրագրերից երկուսը նույնությամբ մնացել են. Միջազգային կառույցներին ՀՀ-ի անդամակցության վճարները՝ 153 միլիոն, և Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում՝ 1 միլիոն 265 հազար. «Փոփոխությունները պայմանավորված են Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում ծրագրով, որտեղ ունենք 390 միլիոն 229 հազար տարբերություն, որը պայմանավորված է պատգամավորների թվի հնարավոր կրճատման հանգամանքով: Այս հարցը քննարկվել է և այստեղ հիմք է ընդունվել 101-ը, բայց այդ թիվը կարող է մեծանալ՝ կապված այն հանգամանքին, ինչն առկա է Ընտրական օրենսգրքով»:
Լրագրողների հետ զրույցում Հ. Թովմասյանն ասաց, որ աշխատելու են, որ այդ գումարները հնարավորինս արդյունավետ օգտագործվեն.
«Ենթադրում եմ, որ էական վերակազմակերպում կլինի Ազգային ժողովի աշխատակազմում, կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում նաև՝ որոշակի կրճատումներ:
Հստակ պետք է լինի՝ յուրաքանչյուրն ինչ ֆունկցիա է իրականացնում: 2014 թվականից մոտ 40-50 աշխատակցով կրճատվել է, մինչև տարվա վերջ կան պայմանագրեր, որ վաղուց են կնքված, դրանք ևս կավարտվեն ու չեն երկարացվի, կփորձենք նաև այդ հարցում ունենալ առավել արդյունավետ աշխատակազմ, որն այդ խնդիրները կլուծի»: