«Վարչապետը չի կարող Ազգային ժողովին հանձնարարություն տալ». Հրայր Թովմասյան
«Պատգամավորների օգնականներին ֆորմալ առումով աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ խոսելով վարչապետի՝ ազգակցականներից բաղկացած կազմ ունեցող անձանց նույն աշխատատեղում աշխատելը բացառելու վերաբերյալ հանձնարարականի մասին:
Հ. Թովմասյանի խոսքով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն այն հարցում, թե պատգամավորի օգնականն ով պետք է լինի: Նրա խոսքով՝ դա հայեցողական պաշտոն է, և պատգամավորներն իրենք են ընտրում իրենց օգնականներին, «այստեղ որևէ արգելք չկա»: Հարցին, իսկ վարչապետի հանձնարարակա՞նը, Հ. Թովմասյանն այսպես արձագանքեց. «Վարչապետի հանձնարարականը վերաբերում էր ուսուցիչներին, վարչապետը չի կարող Ազգային ժողովին հանձնարարություն տալ»: