«Նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4.5 միլիարդ դրամ». Արմեն Գևորգյան
Այսօր ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ-ի նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 522 միլիոն 944 հազար դրամ. «2016 թվականին նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացված ընդհանուր 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց՝ 2017 թվականի քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 574 միլիոն դրամով:
Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է հետևյալով, համաձայն ՀՀ նախագահի 2016 թվականի օգոստոսի տասի կարգադրության՝ լուծարվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը և ձևավորվել է ՀՀ նախագահի աշխատակազմում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ գումարը բավակա՞ն է նշված ծրագրերի իրականացման համար։
Ա. Գևորգյանը պատասխանեց, որ այնպես կանեն, որ խնդիրներ չլինեն, ու աշխատանքի որակն էլ չտուժի: Հարցին, թե արդյոք կարելի՞ է համոզված լինել, որ այդ գումարները նպատակային են ծախսվում, Ա. Գևորգյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը տրվում է ամեն տարի բյուջեի քննարկումների հաշվետությունների քննարկման ժամանակ»: