Վիճաբանություն ԱԺ-ում. «Գրավոր դիմեք՝ կներկայացնենք»

Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը հայտարարեց, որ ազգային անվտանգության ծախսերը նույնությամբ պահպանվել են` 19 մլրդ 941 մլն դրամ:

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հորդորեց ֆինանսական ցուցանիշներ չներկայացնել, այլ խոսել ծրագրային տեսանկյունից:

«Գործընթացի մասին հարցեր եթե կան՝ տվեք»,- ասաց Ա. Հակոբյանը:

Կ. Նահապետյանն արձանագրեց, որ բյուջեի նախագծում որևէ էական փոփոխություն չի նկատվում ԱԱԾ մասով. «Արդյոք չկա՞ն նոր մարտահրավերներ, նոր սպառնալիքներ, որոնք պետք է արտացոլվեն՝ որպես ռազմավարական խնդիր: Եթե գտնում եք, որ դա փակ տեղեկատվություն է, ապա պետք է ներկայացնեք փակ ծրարով»:

«Հույժ գաղտնի է, փակ է: Համապատասխան հոդվածում մի քիչ ավելացում կա, այսինքն` ունենալու ենք նոր ռազմական միջոցներ, նոր գործիքներ, որ պահանջվում են»,- ասաց Ա.Հակոբյանը:

Կ. Նահապետյանը կրկին արձանագրեց, որ փակ ծրարով որևէ տեղեկություն ներկայացված չէ, սակայն այն, ինչ կապված է բյուջեի հետ, չի կարող ներկայացված չլինել:

ԱԱԾ փոխտնօրենի հորդորին, թե՝ «գրավոր դիմեք՝ կներկայացնենք», Կ. Նահապետյանը հակադարձեց, որ ԱԺ-ն չպիտի գրավոր դիմի, ԱԱԾ-ն ինքը պետք է ներկայացնի:

Տեսանյութեր

Լրահոս