«Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս տարի ավելի լավ է խաղում, քան անցյալ տարի…». Հրանտ Բագրատյանը՝ 2017 թվականի բյուջեի նախագծի մասին
«Խնդիրն իրատեսական չէ, իրականում բյուջեն ցածր է, ու հեշտ կլինի այն կատարել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով 2017 թվականի պետական բյուջեի մասին: Հ. Բագրատյանը նշեց, որ իր հարցադրման իմաստը հետևյալն է՝ արդյոք կառավարության փոփոխությունը սրա՞ համար էր, որ այսքան ցածր ցուցանիշներով բյուջե ներկայացվեր:
«Ասում է՝ վիճակն այնպես է, որ առաջ չենք կարող զարգանալ, և օբյեկտիվ պատճառներ է բերում, ես էլ ասում եմ՝ բա դուք ինչո՞ւ եք կառավարություն: Սա հիշեցնում է արժույթի միջազգային հիմնադրամի մոտեցումները՝ այնպես անենք, որ սրանք միշտ պայքարեն կայունության համար, զարգացում չլինի: Այս տարվա գյուղնախարարը պարզապես փորձեց ճնշել և ցույց տալ ճիշտ խաղողի թիվը, պարզվեց, որ երկու անգամ պակաս է»,- նշեց Հ. Բագրատյանը: Նրա խոսքով՝ Ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է ապատեղեկատվությամբ, և դա շատ մտածված կերպով է անում. «Վտանգավորն էլ այն է, որ ինքը պրոֆեսիոնալ է, ստերն էլ պրոֆեսիոնալ են: Ամեն տարի աճ են ցույց տալիս, բայց իրականում աճը չկա»:
Հարցին, թե որքա՞ն աճ կարող ենք ապահովել՝ պատգամավորը պատասխանեց՝ հինգ տոկոս աճ. «Իրենք անընդհատ համոզում են վարչապետին ու նախագահին, որ մեզ ստաբիլություն է պետք, և այլն: Խնդիր չի դրվում: Այս բյուջեն, եթե կատարվի էլ, աճելու ենք ավելի ցածր տեմպերով, քան ամբողջ աշխարհը, պետության եկամուտները գրեթե չեն աճում, պարտքը շարունակելու է աճել»:
Հ. Բագրատյանը, այնուամենայնիվ, դեֆոլտ չի կանխատեսում. «Քսանհինգ դեֆոլտի վտանգ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ դեֆոլտ կլինի, կգան, կփրկեն»: Հարցին, թե նախորդ բյուջեի նախագծի համեմատ առաջընթաց կա՞, թե՞ ոչ, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Առաջընթացը հետևյալն է՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս տարի ավելի լավ է խաղում, քան անցյալ տարի, բայց աշխարհի մյուս հավաքականները շատ ավելի լավ են խաղում»: