Բաժիններ՝

Լիցենզիաների և թույլտվությունների կոռուպցիոն ռիսկերը

Լիցենզիաների և թույլտվությունների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող լուրջ խնդիրներ կան։  «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հկ նախագահ Հակոբ Ավագյանն այս առումով առանձնացնում է շինարարական լիցենզիաների տրամադրումը։

Նախ, նախկինում տրվում էր մեկ ընդհանուր շինարարական լիցենզիա։ Այժմ՝ շինարարության տարբեր տեսակների համար առանձին պահանջներ են դրվում (օրինակ՝ ճանապարհային շինարարության կամ բնակարանային շինարարության համար)։

Ընդ որում, շինարարներին ներկայացվող որոշ պահանջներ երբեմն ոչ թե պարզապես կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այլ կոռուպցիոն դրսևորումներն անխուսափելի են դարձնում։ Օրինակ, շինարարական բրիգադի փորձառու զոդողից  ինչ-որ վկայականներ են ուզում՝ լիցենզիա տրամադրելու համար։ Մեկը նման վկայական չունի, մյուսը հնարավոր է՝ կորցրել է։  Եթե փորձում են ինքնուրույն կարգավորել հարցերը, դա կարող է տևել 2-3 ամիս։ Նման դեպքերում ի հայտ են գալիս որոշ միջնորդ կառույցներ, ովքեր շինարարներին ասում են՝ մեզ որոշակի գումար տվեք, մենք այդ լիցենզիայի հարցը կլուծենք։ Դրա համար շինարարները երբեմն ընտրում են կարճ ճանապարհը՝ կոռուպցիոն գործարքի են գնում։

Շինարարության հետ կապված խնդիր կա նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Օրինակ, եղել են դեպքեր, որ կադաստրը չափագրումից հետո 3 սմ-ի շեղում է հայտնաբերել և հրաժարվել է գրանցել։ Իսկ 3սմ-ի շեղումը կարող է լինել ընդամենը պատի՝ փոքր-ինչ հաստ լինելու պատճառով։

Բնականաբար, այստեղ էլ կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ 3սմ շեղման վրա աչք փակելու համար համապատասխան պաշտոնյան կարող է կաշառք պահանջել։ Ըստ Հակոբ Ավագյանի, օրինակ, կարելի է սահմանել շեղման թույլատրելի չափ, քանի որ ցանկացած շինարարության դեպքում մի քանի սմ շեղման հավանականությունը շատ ցածր է։

Եվ վերջապես, նման խնդիրներ կան նաև գովազդի թույլտվությունների հետ կապված։ Խանութների և սպասարկման օբյեկտների համար գովազդ է համարվում նաև փողոցի ցուցանակը։ Դրա համար գանձվում է պետական տուրք, որի չափը որոշվում է ըստ գովազդային վահանակի մակերեսի։ Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ տնտեսավարողի և համապատասխան տեսուչի միջև փոխադարձ համաձայնությամբ՝ փաստացի 8 քմ մակերեսով գովազդային մակերեսը կարող է ձևակերպվել, ասենք, 6քմ։

Հակոբ Ավագյանի համոզմամբ, այս բոլոր հարցերում օրենսդրության բարելավման անհրաժեշտություն կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս