«Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում մենք ուզում ենք տեսնել առավել ակտիվ ու նպատակային». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին և Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը և ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Վարչապետը ողջունել ու կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի հայանպաստ գործունեությունը, որն ուղղված է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները շնորհավորել են Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ ԱՀՀ-ն կշարունակի ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման և համահայկական ծրագրերի իրականացման:

handipum1

handipum3

Վարչապետը նշել է, որ կառավարության այսօրվա ծրագիրը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ՝ ներգրավելով համայն հայության ողջ ներուժը: Կառավարության ղեկավարն առաջնահերթ է համարել ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ինչպես նաև՝ հատկապես գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ներգրավումը տնտեսության ոլորտային զարգացման գործում՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է.

«Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ, և կառավարությունը պատրաստ է ստանձնել Հայաստանում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը, աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելու համար, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ։

Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում մենք ուզում ենք տեսնել առավել ակտիվ ու նպատակային, ուզում ենք որ մասնակից դառնաք մեր ծրագրերին՝ ոչ միայն բարեսիրական ու ներդրումային նախաձեռնություններով, այլև կառավարման նոր մշակույթ բերելու առումով, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու առումով»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորմանը, հայապահպանությանը, ինչպես նաև Հայաստանի և ԱՀՀ-ի միջև համագործակցության ծրագրերին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս