«Երբ տեսնեք Ռոբերտ Նազարյանին, ասեք՝ նման բաներ չխոսի». Արամ Գրիգորյան
«Երբ տեսնեք Ռոբերտ Նազարյանին, ասեք՝ նման բաներ չխոսի, դա պատիվ չի բերում իրեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հասարակական պաշտպանների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Արամ Գրիգորյանը՝ խոսելով Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարության մասին, որ սոցիալապես անապահով խավի համար գազի գնի իջեցման աղբյուր կարող է լինել սահմանին գազի գնի իջեցումը։
Ըստ Ա. Գրիգորյանի՝ Ռոբերտ Նազարյանն «օդի մեջ ինչ-որ բան է խոսել» և օրենքի խախտում է արել, քանի որ նա իրավունք չունի նման բաներ ասելու. «Նախ՝ ի՞նչ գիտի Ռոբերտ Նազարյանը՝ գազի սակագինն էժանանալո՞ւ է, թե՞ ոչ։ Երկրորդ՝ եթե գազի գինն էժանացավ սահմանին, այստեղ սպառողների մոտ գազի գին կիջնի՞, կամ ինչ-որ բան կլինի՞»։
Ա. Գրիգորյանը նշեց, որ Ռոբերտ Նազարյանը պետք է իրականացնի սակագների կարգավորում, որի մասին վկայում է նաև այդ հանձնաժողովի անունը, իսկ սակագների կարգավորումը սակագների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում։ Ա. Գրիգորյանի խոսքով՝ վարչապետը ևս ընդհանրապես իրավունք չունի սակագների մասին խոսել. «Ախր, մենք երկիր ենք, չէ՞։ Վերջապես պետություն է սա։ Որևէ մեկն իրավունք չունի սակագնի մասին խոսելու։ Սակագինը հաշվարկում են, ստանում թիվ, հետո մտածում են կարգավորումների մասին։ Սա է դրված օրենքի հիմքում, և սա է իմաստը։ Իսկ Ռոբերտ Նազարյանն ինչ է խոսում, ինչ չի խոսում, քաղաքական ենթատեքստեր է տալիս, որի իրավունքը չունի։ Հանձնաժողովը ստեղծված է և փող է ստանում նրա համար, որ ինքը քաղաքականությունից հեռու մնա։ Եթե քաղաքականության մեջ է և փող է ստանում, օրենք է խախտում։ Այնպես որ, արդեն բավականին երկար ժամանակ ես լուրջ չեմ ընդունում Նազարյանի ասածները»։
Գազի էժանացման միակ ճանապարհը, Ա. Գրիգորյանի կարծիքով, այն է, որ բոլոր դեպքերում ռուսներն էժանացնեն։ Սակայն նա ընդգծեց, որ իրավական տեսանկյունից՝ սահմանի վրա գին գոյություն չունի, որովհետև ռուսական կազմակերպությունը Ռուսաստանից գազը բերում է, Հայաստանի սպառողի վրա վաճառում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ, գազ չի գնում որևէ տեղ, որ սահմանի վրա լինի կամ չլինի։
«Սահման հասկացությունը հետևյալն է. այդտեղի գնով հաշվարկվում է ԱԱՀ-ն, որը վճարվում է Հայաստանի բյուջե։ Սրանք տարբեր բաներ են, որ Ռոբերտ Նազարյանը խառնում է երբեմն։ Ամենայն հավանականությամբ, այդ ԱԱՀ-ի գինը կիջնի, որը վատ է մեր իշխանության համար, որովհետև երկրի բյուջեն կփոքրացնի, և դրա հիմքով կփորձեն մանիպուլյացիա անել, ինչ-որ թվեր նկարել սպառողների համար, բիզնեսի համար, և այլն, այսինքն՝ սակագների հաշվարկման մեթոդիկան կփոխվի, և տարբեր սպառողների համար տարբեր գներ կփորձեն նկարել»,- ասաց Ա. Գրիգորյանը։