Բաժիններ՝

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գործով հնարավոր է՝ լրագրողներին որպես վկա ներգրավեն

«Արդեն երեք ամիս է՝ այս գործը քննվում է, և նախաքննության մարմինը տիրապետում է  այն ծավալի ապացույցների, որոնցով միանշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես՝ Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան  Կարեն Մեժլումյանը։

Նա գտնում է, որ այս գործի քննությունը պետք է ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, որովհետև, ակնհայտ է դարձել, որ այն, ինչ կատարվել է, իրականացվել են Ոստիկանության և Ոստիկանության հետ համագործակցող սադրիչների կողմից։ Փաստաբանի դիտարկմամբ՝ այս ընթացքում իրենք բոլոր ապացույցները  մանրամասնորեն ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին։

Կ. Մեժլումյանը նշեց, որ օն-լայն հեռարձակված բոլոր տեսանյութերն իրենք սղագրել են, ու այդ կայքերի հղումներով ու տեսագրություններով միջնորդել են վարույթն իրականացնող մարմին, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի. «Որովհետև դրանցում երևում է, որ ընդհանրապես ոչ զանգվածային անկարգության կոչեր, ոչ էլ դրա հետ առնչվող որևէ արարք Անդրիաս Ղուկասյանը և մյուս մեղադրյալները չեն իրականացրել։ Ավելին, երբ սադրիչները փորձում էին ժողովրդին այդ Սարի թաղի հատվածից իջեցնել դեպի ՊՊԾ գնդի ճանապարհով ներքև, այդ ընթացքում Արմեն Մարտիրոսյանը, որի մոտ էր խոսափողը, շուրջ երեսուն անգամ հայտարարում է, որ «կան սադրիչներ, սադրիչների հետևից մի՛ իջեք այդ ՊՊԾ գնդի տարածքը, ովքեր ոստիկանների նկատմամբ ինչ-որ գործողություններ կանեն, ինքներդ, ժողովուրդ, բռնում եք ու հանձնում Ոստիկանությանը»։ Այսինքն՝ նման արարքներ կազմակերպողները հակառակ գործողություններ չէին անի»։

Պաշտպանի խոսքով՝ իրենք վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են նյութեր, որոնցով միանշանակ հաստատվում է, որ նման անկարգություններ չեն եղել։ Նա նշեց, որ նույն այդ տեսագրություններով երևում է, թե ինչպես են այդ սադրիչները փորձում ժողովրդին իջեցնել ՊՊԾ գնդի տարածք, և մի քանիսն իջնում են նրանց հետևից, այդ մարդիկ շրջվում և այդ ժողովրդին քարերով և մահակներով ծեծելով՝ նրանց հետևից են ընկնում, և ժողովուրդը փախնում է։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ պատկերը շատ պարզ է, ամեն ինչ երևում է, և փոխանակ Անդրիաս Ղուկասյանի և մյուս տղաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչպես նաև այդ մասով քրեական գործ հատուկ քննչական ծառայություն ուղարկելուն, մեր Դատախազությունը, քննչական մարմինները դիմում են դատարաններ, կալանքի ժամկետն են ավելացնում, գրավի միջնորդություններն են մերժում ու պահում են անազատության մեջ, իսկ դատարանն էլ, որպես կանոն, նման քաղաքական գործերով  բավարարում է նրանց միջնորդությունները»,- նշեց Կ. Մեժլումյանը։

Հարցին, թե Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու հիմք միայն  ոստիկանների ցուցմունքնե՞րն են, տեսագրությունների մեջ որևէ մեղադրանքը հիմնավորող հատված չկա՞, Կ. Մեժլումյանը պատասխանեց, որ կա ընդամենը երկու ոստիկանի ցուցմունք, բացի ոստիկանների ցուցմունքներից ոչինչ չկա, որոնք էլ տեսանյութերով հերքվում են։

Կ. Մեժլումյանը նաև հայտնեց, որ իրենք միջնորդել են, որ վարույթն իրականացնող մարմինը լրագրողներին հարցաքննի՝ որպես վկա. «Այդ ոստիկանների ցուցմունքներին հակակշիռ կան արդեն  անաչառ անձանց՝ լրագրողների ցուցմունքներ նաև։ Դեռ պատասխան չենք ստացել, երևի այդ գործողություններն ընթացքի մեջ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս