Համաշխարհային բանկը ողջունել է Հայաստանի բարեփոխումները ձեռնարկատիրության ոլորտում
Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելը Հայաստանում ավելի դյուրին է դարձել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վալենտինա Սալթանեն, մեկնաբանելով Doing Business 2017 զեկույցը, որում Հայաստանը հինգ կետով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ.
«Զգալի ձեռքբերումներ են արձանագրվել եւ այն իրոք գնահատելի է, օրինակ այն, որ նոր ձեռնարկատիրություն բացելու համար ընդամենը 20 օր է պահանջվում, լուրջ առաջընթաց է»:
Սալթանեի խոսքով, ամենալուրջ առաջընթացն արձանագրվել է նոր ձեռնարկության գրանցմումն ու վարկերի ստացումը ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ։
«Ողջունելի է, որ Հայաստանը ներդրել է շարժական գույքի գրավի իրավունքի սկզբունքը: Դա նշանակում է, որ փոքր եւ միջին ձեռնարկություններն այսուհետ կարող են վարկեր ստանալ շարժական գույքի, համակարգիչների, ավտոմեքենաների դիմաց: Այսինքն, վարկ ստանալու հնարավորությունները Հայաստանում ընդլայնվել են»:
Միեւնույն ժամանակ, Համաշխարհային բանկի մասնագետի խոսքով, դեռեւս լուրջ բարելավման կարիքն ունեն շինարարության իրավունքների արտոնագրի ստացման, էլեկտրականության անցկացման, պայմանագրերի պահանջների կիրակման եւ անվճարունակության կարգավորման ոլորտներում.
«Անվճարունակության խնդրի կարգավորումն այսօր Հայաստանում կարող է մինչեւ երկու տարի տեւել եւ եթե ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, այդ ժամանակահատվածում այն կլուծարվի, հետեւաբար, կլուծարվեն նաեւ աշխատատեղերը»:
Վալենտինա Սալթանեն ընդգծում է, որ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է օգտագործել ներկա առաջընթացը եւ շարունակել բարեփոխումները. «Կոչ ենք անում շարունակել առաջընթացը: Կարեւոր է միշտ պահպանել բարձր սանդղակը եւ առաջ ընթանալ՝ դեպի Նոր Զելանդիայի եւ Սինգապուրի ոսկե չափանիշը»: