«Ինչ էլ անենք, մի լրագրող կամ օպերատոր ներկա չի լինում. ես ի՞նչ անեմ». Ռոբերտ Նազարյանը բողոքեց լրագրողներից
«Մենք տարիներ շարունակ սակագների հաշվարկի հիմքում դնում էինք մի կորուստների համակարգ, որը ստանում էինք էներգետիկայի ինստիտուտից. ՀԷՑ-ում 2 տոկոսից ավելի գերկորուստներ էին ունենում։ Դա ամբողջությամբ իրենց շահույթից էր, վնաս էր ձևավորվում։ Իրենց շահույթը եթե պակասում է, մենք պետք է տխրենք, որովհետև, եթե շահույթը չի համապատասխանում այդ մեծ ընկերության շրջանառվող միջոցներին, ապա ընկնում է այն ծանր վիճակի մեջ, ինչը որ մենք ունենք 1.5 տարի առաջ։ Կորուստների մասով սահմանել ենք, որ 5 տարի հետո իրենք պետք է ունենան 9 տոկոսից ոչ ավելի կորուստ։ Եթե մյուս տարի 1 տոկոս նվազի, չենք փորձի դա ամրագրել»,- այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Քանի որ պատգամավորները հարց էին բարձրացրել նաև փոքր հէկ-երի շահագործման մասին, նա ասաց, որ դրանց լիցենզավորման համար ցանկ գոյություն ունի. «Առաջինը ջրի թույլտվությունն է, երկրորդը հողի նկատմամբ իրավունքն է։ Իսկ մենք ներդրողին ասում ենք՝ հարգելիս, ինքդ քո գործարար ծրագիրը մշակիր՝ ջրի թույլտվությանը համարժեք ի՞նչ տեխնիկական ցուցանիշներ կարող է այդ հէկ-ն ունենալ, ի՞նչ ագրեգատներ տեղադրելու դեպքում։ Մենք ունենք ֆիքսված սակագին. կտեղավորվե՞ս սրա մեջ, լավ, չե՞ս տեղավորվի, ռիսկերը քոնն են։ Ռիսկերի, ներդրումների վերադարձման ամբողջ պատասխանատվությունը թողել ենք, որպեսզի ապագա ներդրողն ինքը գնահատի, ինքը որոշի, հասկանա։ Երբ նոր էինք սկսել այս գործընթացը, մենք ունեինք լավ տեխնիկական, տնտեսական ցուցանիշներով հէկ-եր, այսօր մարդիկ գնում՝ այնպիսի գետերի ջրահոսքերի վրա են կառուցում, որ տարվա մեջ 3-4 ամիս է ջուր հոսում, մնացած 8 ամիսն անգամ ջուր չկա, բայց կառուցում են։ Ես կարծում եմ, որ այն պոտենցիալը, որ մենք գնահատել էինք նախկինում և ուզում էինք այդքան հէկ ունենալ, գրեթե ունենք։ Պատահական չէր, որ այսօրվա կառավարության նիստում նաև վարչապետը հանձնարարություն տվեց Բնապահպանության, Էներգետիկայի նախարարություններին՝ մեզ հետ համագործակցելով՝ նոր մոտեցումներ առաջարկել, փորձել նպատակահարմարությունը որոշել»։
Ինչ վերաբերում է պատգամավոր Թևան Պողոսյանի բարձրացրած՝ հանրային քննարկումների հարցին, ապա Նազարյանը նշեց, որ լրատվամիջոցներն իրենց գործունեությանն անդրադառնում են միայն այն ժամանակ, երբ սակագնի հարց է լինում. «Մնացած դեպքերում՝ ինչ էլ անենք, մի լրագրող կամ օպերատոր ներկա չի լինում. ես ի՞նչ անեմ։ Սակագնի քննարկման դեպքում տեղ ու դադար չկա, իսկ մյուս դեպքերում էլ՝ մարդ չկա։ Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ։ Եթե ունեք որոշակի բաղադրատոմս մեզ առաջարկելու, ես սիրով պատրաստ եմ դա ձեզ հետ քննարկել»։
Իսկ պատժամիջոցների մասով նա նշեց, որ դրանք փոփոխելու կարիք չկա. «Մենք բավականաչափ ունեք. առաջին անգամ՝ նախազգուշացում, ֆինանսական տույժ, երկրորդ անգամ՝ ավելի խստացված ֆինանսական տույժ, երրորդ անգամ՝ մինչև անգամ կարող ենք լիցենզիայից զրկել։ Թող սեփականատերերն իրենք որոշեն՝ ինչու է այդ ընկերությունն անընդհատ պատժամիջոցների ենթարկվում, պախարակվում։ Թող իրենք որոշեն՝ ով է մեղավոր, դա մեր գործառույթը չէ, սեփականատիրոջ գործառույթն է»։